Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՄԴ լողավազանում այսօր անցկացված Լողի հայկական դաշնության 2017 թ. գավաթի առաջնությունով ավարտվեց մարզաձեւի ներհանրապետական մրցաշրջանը: Մասնակցեցին Հայաստանի շուրջ 70 լավագույն լողորդներ (տղաներ եւ աղջիկներ), որոնք պարտադիր պետք է մարզական կարգ ունենային:
Մասնակիցները մրցեցին բոլոր լողաոճերում, որոնցից յուրաքանչյուրում եղան հաղթողներ, սակայն տղաների եւ աղջիկների մեկական գավաթակիրները համաձայն FINA-ի աղյուսակի որոշվեցին երկու լողատարածությունների արդյունքում միավորների հանրագումարով:
Աղջիկներից Հայաստանի գավաթը հանրապետության նոր ռեկորդով նվաճեց Անի Պողոսյանը, տղաներից՝ Արթուր Բարսեղյանը, որն այս տարի լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա: Եվս երկու լողորդ՝ Լեւոն Իշխանյանը (բրաս) եւ Ռուբեն Ղարիբյանը (դելֆին) լրացրին սպորտի վարպետի նորմա:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ գավաթի այս խաղարկությունով ավարտվեց ներհանրապետական մրցաշրջանը, սակայն լողորդներ Արթուր Բարսեղյանը, Լեւոն Խաչատրյանը եւ Լեոն Վարդանյանը, մոտ օրերս կմեկնեն Ռուսաստան՝ մասնակցելու Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ