Լրահոս
Օրվա լրահոսը

Չինացիները հասմիկի թեյ էին առաջարկում, հայերը զարդեր ու քաղցրավենիք (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 17,2017 18:54

Դեկտեմբերի 17-ին  Նկարիչների միությունում բացվեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կազմակերպած արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառը` նվիրված Ամանորին և Սուրբ Ծնունդին:

Տոնավաճառի մասնակիցների շարքում էին տարբեր երկրների մշակույթ ներկայացնող դեսպանատներ, տեղական և միջազգային ՀԿ-ներ, անհատ արտադրողներ և կազմակերպություններ, տեղացի և սիրիահայ արտադրողներ:

Հատկապես ուշադրություն էին գրավում Չինաստանի Հանրապետության դրոշները, որոնց ներքո այդ երկրի ներկայացուցիչները իրենց արտադրանքը ներկայացնելուց զատ նաեւ հասմիկի թեյ էին առաջարկում այցելուներին:

Լուսինե Հարությունյանը ներկայացրել էր հեղինակային ձեռագործ զարդեր: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պարբերաբար մասնակցում է բոլոր տոների առիթներով կազմակերպված ցուցահանդեսներին:

«Մասնագիտությամբ նկարիչ դիզայներ եմ, սովորել եմ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում, այնուհետեւ թատերականի բեմանկարչական բաժնում: Զարդերի պատրաստումով զբաղվում եմ արդեն 12 տարի: Ոչ միայն սիրում եմ պատրաստել զարդեր, այլեւ ինքս կրել իմ պատրաստած զարդերը»,-ասաց զարդագործը: Լուսինե Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ովքեր են իր հաճախորդները: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, նրանք գեղեցիկը գնահատող մարդիկ են:

Մոնիկա Խաչատրյանը կաշվից զարդեր է պատրաստում, ասում է հաճույքով է  կատարում այդ աշխատանքը: «Հաճախորդներս տարբեր ոլորտներ ներկայացնող տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, հիմնականում արվեստագետներ, շատերն էլ արտասահմանից են: Ով կաշին գնահատում է, իմ հաճախորդն է դառնում»,-ասաց Մոնիկա Խաչատրյանը:

Նա նախկինում աշխատել է որպես մանկապարտեզի դաստիարակչուհի, զարդագործությունն ավելի հոգեհարազատ է համարում:

Բացի զարդերից, ներկայացված էր հագուստ, զանազան աքսեսուարներ, քաղցրավենիք, սիրիահայերն արեւելյան ուտեստներ էին ներկայացնում ու արծաթե զարդեր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031