Դեկտեմբերի 17-ին ազդարարվեց տարածաշրջանում առաջին Դիվանագիտական ակումբի հիմնադրման մասին: Բացմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, գործարարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կառույցների ղեկավարներ։
Ինչպես տեղեկացրին ակումբի համահիմնադիրներ Լիլիթ Ադիբեկյանը եւ Լեւոն Դավթյանը, «Դիվանագիտական Ակումբ» կազմակերպության նպատակն է մեկ հարկի տակ համախմբել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և միջազգային կառույցների ղեկավարներին, Հայաստանի, օտարերկրյա կառույցների և դիվանագիտական կորպուսի միջև ամրապնդել մշակութային, բարեկամական, տնտեսական և դիվանագիտական հարաբերություններ՝ ավելի մտերմացնելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն կատարող դեսպաններին:
Լիլիթ Ադիբեկյանը շեշտեց, որ իրենց կազմակերպությունը ապաքաղաքական կառույց է:
Ակումբի համահիմնադիրները համոզված են, որ իրենց ակումբը կդառնա հարթակ, որտեղ կիրագործվեն համատեղ նախագծեր եւ հետաքրքիր առաջարկներ կարվեն:
Նրանք խոստացան գործել թափանցիկ, բարի-դրացիական հարաբերություններ հաստատել երկրների միջեւ, նպաստել, տնտեսական, կրթական, տուրիզմի ոլորտում կապերի ամրապնդմանը: Առաջիկայում ակումբի բոլոր անդամները կտնկեն անվանական ծառեր, որի արդյունքում կհիմնադրվի դիվանագիտական պուրակ:
Առաջարկ հնչեց երիտասարդներին հռչակել ակումբի պատվավոր հյուպատոսներ՝ հետաքրքիր ու կարեւոր նախաձեռնության սկիզբ դնելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ