Լրահոս
Օրվա լրահոսը

Սերկեւիլի մուրաբա

Դեկտեմբեր 17,2017 12:49

Խենթացնող բույրով այս մուրաբան` տաք թեյի հետ, ձմռան երեկոները ջերմացնելու հոյակապ միջոց է:

Անհրաժեշտ մթերքները

Սերկեւիլ-1 կգ

Շաքարավազ-1 կգ

Ջուր -1 բաժակ

Կիտրոն-1 հատ

Դարչինի փայտիկ- 1-2 հատիկ

Վանիլի ձողիկ (պարտադիր չէ)-1 հատ

Պատրաստման եղանակը

Սերկեւիլը լավ լվացեք, կեղեւահանեք, մեջտեղից կտրեք, միջուկը հեռացրեք, որից հետո բաժանեք 8-10 կտորի` կախված սերկեւիլի չափսից: Կիտրոնը նույնպես լավ լվացեք եւ կտրատեք շրջանաձեւ:

Մեկ բաժակ ջուրը մեծ կաթսայով դրեք կրակին, թող եռա, մեջը լցրեք կիտրոնը, ապա սերկեւիլը:

5 րոպեից սերկեւիլն ու կիտրոնը ցանցի օգնությամբ հանեք ջրից:

Այդ նույն ջրի մեջ լցրեք շաքարավազը, դարչինի փայտիկն ու վանիլի ձողիկը, լավ խառնեք եւ թողեք եփվի:

Եռացող օշարակի մեջ լցրեք սերկեւիլն ու կիտրոնը, թողեք եփվի մարմանդ կրակի վրա: Եթե վրան սպիտակ փառ է հավաքվում, հեռացրեք: 5-7 րոպե եփվելուց հետո անջատեք, ծածկեք կափարիչով կամ սրբիչով եւ թողեք մնա 10-12 ժամ:Ապա կրկին դրեք կրակին, սպասեք մինչեւ եռա, թողեք եւս 5-7 րոպե, նորից անջատեք, եւ թողեք էլի մի քանի ժամ (5-12) հանգստանա: Հաջորդ` թվով 3-րդ անգամ, 7-8 րոպե եռալուց հետո ստուգեք մուրաբայի հյութի խտությունը: Դրա համար մուրաբայի հյութից 1 թեյի գդալ լցրեք ափսեի մեջ, մի քանի վայրկյան հետո, երբ սառի` մատով «կիսեք» այդ հյութը, եթե անջատվի եւ էլ չմիանա, ուրեմն պատրաստ է:

Եթե հյութը բավականաչափ խիտ չէ, մեկ անգամ էլ թողեք հանգստանա 5-12 ժամով, եւ դրեք եփվելու այս անգամ 10-12 րոպե, կրկին ստուգեք խտությունը: Այս անգամ արդեն պետք է որ լավ խիտ լինի, բայց եթե հանկարծ նորից մուրաբայի հյութը «կիսելուց» հետո անջատված չմնա, այլ կիսման տեղից միանա իրար, մի անջատեք կրակը եւ շարունակեք եփելը եւս 5-7 րոպե:Տաք-տաք վիճակում լցրեք ապակե տարաների մեջ` այն հաշվարկով, որ յուրաքանչյուր տարայի մեջ առնվազն 1 կտոր կիտրոն էլ լինի, եւ փակեք:Մուրաբան կարող եք սառը տեղում` մառանում, նկուղում, պահել մոտ մեկ տարի, սակայն այս քանակով պատրաստված մուրաբան դժվար թե մինչեւ գարուն մնա: 

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031