Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը ծեծել է իր կնոջը, նա էլ զինամթերքի մասին ոստիկանություն է հայտնել

Դեկտեմբեր 17,2017 12:30

Հոկտեմբերի 20-ից  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում էր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Լեւոն Բրուտյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1990-ական թվականներից Պառավաքար գյուղում գտնվող առանձնատանը կից օժանդակ շինությունում ապօրինի կերպով պահել է 350 հատ գործարանային արտադրության 5.45 մմ տրամաչափի, ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտ եւ ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ-1»  եւ «ՌԳԴ-5»  տեսակի ձեռքի նռնակներ:

Լ. Բրուտյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 3 ամիս ժամկետով կալանք, կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

3-րդ խմբի  հաշմանդամ, խնամքին 7 անչափահաս երեխա ունեցող Լ. Բրուտյանը  դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 1990-ական թվականներին  հայ-ադրբեջանական հակամարտության, Պառավաքարի գյուղի ինքնապաշտպանության մարտական գործողությունների ժամանակ  հակառակորդի զինվորների փախուստից հետո ձեռք է բերել նրանց թողած 350 հատ ինքնաձիգի փամփուշտ ու  «Ֆ-1» եւ «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի մեկական նռնակներ: Մարտական գործողությունների ավարտից հետո նա դրանք պահել է իր առանձնատանը կից տնամերձ այգում, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ նշված զինամթերքը այգուց հանել եւ դրանից 35 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտը տեղափոխել եւ պահել է առանձնատան ննջասենյակում, իսկ 315 հատ  5.45 մմ տրամաչափի փամփուշտը եւ վերոնշյալ 2 նռնակը`տանը կից ավտոտնակում: 2017թ. հուլիսի 26-ին կենցաղային հարցի շուրջ  վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել կնոջը, որը դիմել է ոստիկանություն  եւ հայտնել նաեւ իրենց տանը գտնվող նշված ռազմամթերքի մասին:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝դատարանը,  որպես Լ. Բրուտյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք, հաշվի է առել այն, որ նա խնամքի տակ ունի մինչեւ  14 տարեկան 3 երեխա:

Նոյեմբերի 27-ին Իջեւան քաղաքում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Լեւոն Բրուտյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով  եւ դատապարտել 3 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ  սահմանել 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031