Խնկո-Ապոր անվան գրադարանում այսօր գերմանացի հանրահայտ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն էր: «Երեք ընկեր»-ը պատերազմի հետեւանքները կրող երիտասարդների պատմությունն է եւ համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից: Այս գիրքն առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ հայերեն թարգմանվել է գերմաներեն բնագրից: Նախորդ թարգմանությունը ռուսերենից էր, որն ամբողջական չէ՝ ԽՍՀՄ գրաքննությանն է ենթարկվել:
Թարգմանիչը Վանուհի Բաղմանյանն է: «Դժվար էր Ռեմարկին թարգմանել, քանի որ հեղինակն իր ապրումներն ու զգացմունքներն է ներկայացնում: Այս առումով թարգմանչի համար եռակի պատասխանատու է: Կարելի է ասել՝ թարգմանելիս Ռեմարկի կյանքն էլ եմ կարծես ապրել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վանուհի Բաղմանյանը:
Նա նշեց, որ Ռեմարկն իր սիրելի գրողներից է. «Երեք ընկեր» գրքի յուրաքանչյուր էջ ընթերցելիս զգալի է լավատեսության եւ ընկերասիրության շունչը»: Գիրքը հայերեն է թարգմանվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ