Լուսանկարներում «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի սաների աշխատանքներն են՝ կարպետ, քանդակ, գեղանկար…Ժողովրդական արվեստի կենտրոնում մինչեւ դեկտեմբերի 20-ը արվեստասերներին ցուցահանդես է սպասվում, որում կվաճառվեն նաեւ ձեռագործ բարձեր, ամանորյա խաղալիքներ: Հասույթը կուղղվի կենտրոնի՝ հատուկ կարիքներով սաներին, որոնք անվճար են ուսանում:
Այս ցուցահանդեսով «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը 3 ամյակն է տոնում: «Ամենամեծ ձեռքբերումն, անշուշտ, մեր սաներն են եւ այն տարատեսակ միջոցառումներն ու ծրագրերը, որոնք իրականացրել ենք այս տարիներին՝ ներգրավելով հազարից ավելի երեխաների»,-լրագրողների հետ զրույցում ասում է «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր-ղեկավար, նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը:
Ինչ վերաբերում է խնդիրներին, նա մատնանշում է՝ կենտրոնը ֆինանսավորում չունի. «Ամեն ինչ սեփական միջոցներով ենք անում: Հրատապ խնդիրը տարածքի հարցն է: Մենք վարձակալում ենք տարածք: Այլեւս չեմ դիմում պետական մարմիններին, կարելի է ասել՝ ամեն ամիս հրաշքով ենք գոյատեւում: Չենք չարանում ու չենք բողոքում»:
Հավելենք, որ այսօր կենտրոնը 60 սան ունի, որոնք սովորում են նկարչություն, քանդակագործություն, կարպետագործություն, խեցեգործություն: Կենտրոնում գործում է նաեւ «Նաիրյան» վոկալ-համույթը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ