Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս:
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետը նախ այցելել է Շուշիում գտնվող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան: Վարչապետին ներկայացվել են շինարարության և հարակից ոլորտներում ուսանողների համար ստեղծված տեխնիկական հնարավորությունները: Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել ուսումնարանի շենքում, որտեղ գործում է 6 արհեստանոց` հագեցած ուսուցողական բոլոր սարքավորումներով, առկա են տեխնոլոգիայի 6 լսարան, սպորտային դահլիճ, համակարգչային սենյակ, հանրակրթական դասընթացների սենյակներ, լաբորատորիաներ և գրադարան: Նշվել է, որ ԱՀ բոլոր շրջանների և ՀՀ մարզերի ավելի քան 50 աշակերտի տարեկան տրվում է կացարանի հնարավորություն` կառավարության աջակցությամբ:
Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է 2015թ. ստեղծված Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Կարեն Կարապետյանին ներկայացվել են համալսարանի գործունեությունը և ձեռքբերումները, ինչպես նաև բուհի գիտահետազոտական լաբորատորիաներում կատարվող աշխատանքների արդյունքները: Համալսարանն ունի 3 ֆակուլտետ, 8 ամբիոն, որտեղ ուսում են ստանում բակալավրի, մագիստրատուրայի և միջին մասնագիտական առկա ուսուցման համակարգի ուսանողներ:
ՀՀ վարչապետը ծանոթացել է նաև Մարտունու շրջանում գտնվող Թաղավարդ գյուղում գործող «Ռեպսիդ» ձեթի գործարանի արտադրատեսակներին: Վարչապետին ներկայացվել է, որ ձեռնարկությունն արցախյան մաքուր հումքով արտադրում է արևածաղկի, հլածուկի ու կտավատի ռաֆինացված և չռաֆինացված ձեթ, և ընթացիկ տարում դրա համախառն արտադրանքն անցել է 2200 տոննան:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն