ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում հայտնաբերվել է կասկածելի ծագման մեծ քանակությամբ մսեղիք։
«ԳՈՒՄ»-ի շուկայի դիմացի հատվածում տեղակայված մսի վաճառասրահի պահեստարանից մսեղիքի գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է կատարված գողությունը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ինչպես նաև՝ նույն պահեստարանում կասկածելի ծագման, այդ թվում՝ ձիու և ավանակի մսեղիք։
Մսի վաճառասրահի պահեստարանից գողության դեպքն արձանագրվել է 2017 թվականի դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը։ Նախնական քննության տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Զավարյան փողոցի 16 հասցեում գործող մսի վաճառասրահի պահեստից գողացել է շուրջ 210կգ մսեղիք, որն իր անձնական օգտագործման «Grand cherokee» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Սեբաստիա 64 հասցեում գործող շուկայի մոտ, որտեղ դրանք իրացրել է պատահական 2 գնորդների։ Կասկածյալը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ գողացված մսեղիքն իրենից գնող անձինք դրա դիմաց յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարել են 1,000 ՀՀ դրամից քիչ գումար՝ պատճառաբանելով, որ այն ձիու միս է։
Նշված վաճառասրահում գործունեություն ծավալող ԱՁ-ի տնօրենի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ պարզվել է, որ պահեստում առկա է գարշահոտող, կասկածելի ծագման մսեղիքի խմբաքանակ։
Վարույթն իրականացնող մարմինն անմիջապես քրեական գործով հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների և նրանց ներգրավմամբ, կասկածյալի մասնակցությամբ լրացուցիչ զննվել է մսի վաճառասրահի պահեստը, որտեղից հայտնաբերվել է 888կգ կասկածելի ծագման մսեղիք, որի մեջ, համաձայն մասնագետի հայտարարության, առկա է նաև ավանակի և ձիու միս։
Հաշվի առնելով կասկածելի ծագման մսեղիքի հայտնաբերումը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով զուգահեռ իրականացվել է դիտարկում, որի արդյունքում տվյալ տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է։ Մսեղիքից կատարվել է նմուշառում՝ փորձաքննության նպատակով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է տավարի մսի անվան տակ սպառման նպատակով պահեստավորված ոչ պիտանի՝ փաստացի ավանակի և ձիու մսի հիշյալ խմբաքանակի իրացումը։
Քրեական գործով տեղեկություններ են ստացվել մատակարարման աղբյուրների վերաբերյալ։
Նախաքնությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե