Մոտ 20 օր առաջ Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում ձերբակալել են Հայաստանում ծառայող ռուս 2 դասալիք զինծառայողների: Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանն ասաց, որ դասալիք զինծառայողներից մեկ Սվերդլովսկի, մյուսը Ռոստովի բնակիչ է: Նա ասաց, որ երկու զինծառայողները գիշերել են Լուսաձորի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի մոտ գտնվող նախկին ճաշարանի տարածքում, որը ցախերով, տերեւներով որպես կացարան են սարքել:
Նրանք բարձրացել են Լուսաձորի անտառ, այնտեղ ծանոթացել լուսաձորցի 2 անասնապահների հետ, նրանց հետ ճաշել, նրանց ներկայացել որպես ռուս զբոսաշրջիկներ: Լուսաձորցի 2 ընտանիքները 2 օր ցերեկներն իրենց տուն են հրավիրել, հյուրասիրել զինվորական համազգեստի վրայից քաղաքացիական հագուստներ կրած ռուս զինծառայողներին:
Վ. Սարդարյանն ասաց, որ դասալիք զինծառայողների ձեռքին քարտեզ է եղել, նրանք 2 անգամ փորձել են Նոյեմբերյանի տարածաշրջանով հեռանալ Հայաստանից, սակայն չի հաջողվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ