Աշխարհում և Եվրոպայում պահպանողական արժեքներ դավանող տարբեր կուսակցությունների պատգամավորների և կուսակցական գործիչների պատվիրակությունը` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և «Ծառուկյան» խմբակցության ուղեկցությամբ ժամանել են Ստեփանակերտ:
Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպման ընթացքում, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ օտարերկրյա տարբեր ձևաչափով պատվիրակությունների հյուրընկալումը Արցախի խորհրդարանում վաղուց արդեն բարի ավանդույթ է դարձել և այս հանդիպումը դրա վառ օրինակներից է:
«Արցախը բաց է բոլոր այն մարդկանց համար ովքեր արժևորում են ազատության իդեալը: Շնորհակալություն, որ դուք այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ այսօր այստեղ եք, քանդելով այն կարծրատիպերը, որոնք խանգարում են աշխարհում խաղաղության և կայունության պահպանմանը»,- մասնավորապես ասել է Ա. Ղուլյանը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ելույթում խոսել է նախաձեռնության պատճառների մասին. «Մենք պետք է բոլոր հնարավորությունները ընձեռենք և ստեղծենք պայմաններ, որպեսզի գան և տեսնեն Արցախը, շփվեն ժողովրդի հետ ու համոզվեն, որ այստեղ մարդիկ խաղաղ ապրում, աշխատում և արարում են»:
Պատվիրակության անդամներից մեկն էլ (անունը չի նշվում հայտնի պատճառով) իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց. «Մենք եկել ենք այստեղ, մեր աչքերով տեսնելու և լսելու, թե ինչպես է ապրում Արցախի ժողովուրդը»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ