Լևոն Ալթունյանը դիրքապահ զինվորներին մաղթեց խաղաղ ծառայություն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Արցախի նախարար Կարինե Աթայանի և պատվիրակության անդամների հետ երեկ այցելեց դիրքապահ զորամաս:
Հրամանատարն առողջապահության նախարարներին տեղեկացրեց, որ վերջին շրջանում ավելի է բարձրացել պաշտպանության բանակի տեխնիկական հագեցվածությունն ու մարտունակությունը` զինվորներին բնութագրելով որպես քաջ տղաներ ու զինվորական գործի գիտակներ: Լևոն Ալթունյանը շրջեց զորանոցներում, ծանոթացավ Արցախի սահմանն անառիկ պահող զինվորների կենցաղային պայմաններին, զրուցեց նրանց հետ: Բուժկետում նախարարը մասնագետների հետ քննարկեց բուժական, ինչպես նաև զինվորների շրջանում իրականացվող պստվաստումերի կազմակերպական հարցեր: Մասնագետները ներկայացրեցին, որ գրիպի և այլ հիվանդությունների դեմ պատվաստումների շնորհիվ զորամասում հիվանդացությունը կտրուկ նվազել է:
Այնուհետև դիմելով զորամասի շարասյանը` Լևոն Ալթունյանն ասաց. «Մենք հպարտանում ենք ձեր հայրենանանվեր ծառայությունով և ձեր քաջությամբ: Հայաստանը մշտապես ձեր կողքին է և պատրաստ աջակցելու բոլոր ուղղություններով»: Նախարարը նշեց, որ իր ղեկավարած պատվիրակությունն Արցախում է գտնվում Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն Արցախում տեղայնացնելու և ներդնելու նպատակով: «Լինելով Արցախում, չէի կարող չայցելել ձեզ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Մաղթում եմ առողջություն և խաղաղ ծառայություն հայրենիքին»: Լևոն Ալթունյանի ղեկավարած պատվիրակությունը զինվորներին ամանորյա նվերներ հանձնեց:
ՀՀ առողջապահության նախարարություն