Լեգենդար կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը Երեւանում հիմնադրվելիք թանգարանին է նվիրել իր այն կինոխցիկը, որով 40 տարի առաջ նկարել է ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի «Զինվորն ու փիղը» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են Մեծ հայրենական պատերազմի ժամանակ Գերմանիայի առանձնատներից մեկում խորհրդային բանակի զինվորները փիղ հայտնաբերում։ Շարքային Արմենակ Գասպարյանին, որին մարմնավորել է Մհեր Մկրտչյանը, հրաման է տրվում դուրս բերել կենդանուն կրակից ու հասցնել կենդանաբանական այգի։
Ի թիվս այլ նմուշների՝ պատմական կինոխցիկը լրագրողների համար ցուցադրվում էր կինոմիության հայտնի` «Բուխարու» սրահում, որը պատմական վայր է. այդտեղ եղել են Վիլյամ Սարոյանը, Մամուլյանը, Արամ Խաչատրյանը, Վազգեն Առաջին կաթողիկոսը, Արամ Առաջինը, Էլդար Շենգելայան, Կուստուրիցան… Բոլոր այդ մարդիկ, հյուրընկալվելով կինոմիությունում, քննարկումներ են ունեցել, նաեւ իրենց մակագրությունները թողել «Բուխարու» սրահի պատերին:
Լուսանկարը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
15.12..2017