Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոշոր ձկների դեռ չեն բռնել

Դեկտեմբեր 16,2017 14:30

Բայց Իրավաբանների հայկական ասոցիացիաի նախագահ Կարեն Զադոյանը կարծում է, որ այսօրվա դատական համակարգն ավելի անկախ է, քան 10-20 տարի առաջ էր:

– Անցած շաբաթ նախագահը Հայաստանի համայնքների 6-րդ խորհրդաժողովում բավական ուշագրավ հայտարարություններ արեց գողացող գյուղապետերի, մեկ շնչին ընկնող 10 հազար դոլար ՀՆԱ-ի եւ այլնի մասին: Ի՞նչ հետեւություններ պետք է անել նախագահի ելույթից. անցնում ենք գործողությունների՞, թե՞ սա կլինի այն ելույթներից մեկը, որոնք լսեցինք, եւ մնացին թղթի վրա:

– Ես հիշում եմ, որ տարիներ առաջ ՀՀ նախագահը ելույթ ունեցավ կառավարության նիստերից մեկում եւ ասաց` խոշոր ձկներին պետք է գլխից բռնենք: Բոլորը ոգեւորված սպասում էին, որ այդ խոշոր ձկներին գլխից բռնեն, բայց, ցավոք, մենք այդպես էլ դա չտեսանք: Սակայն այդ տարիներից հետո շատ բան է փոխվել Հայաստանում: Նկատի ունեմ հակակոռուպցիոն պայքարի առումով: Բավական լուրջ կառուցակարգեր են ներդրվել, եւ այդ խոշոր ձկներին բռնելու համար մեր առաջարկով քրեականացվել է ապօրինի հարստացումը: Այսինքն՝ այսօր նաեւ իրավական մեծ հնարավորություններ կան խոշոր ձկներին գլխից բռնելու համար: 2018 թվականից գործելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, որը լուրջ կանխարգելիչ լծակներ է ունենալու եւ դիտարկելու է պաշտոնատար անձանց կողմից ներկայացված գույքի, եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը:

Նախագահի հայտարարությունները եթե դիտարկենք այս համատեքստում, կարծում եմ, որ դրանք իրատեսական պետք է լինեն, եւ հանրությունը գործողություններ, օրինակներ տեսնի: Հասարակությունն արդեն կենտրոնացված եւ սպասումներով չի վերաբերվում միայն հայտարարություններին: Հասարակությունն այսօր ցանկանում է իրական արդյունքներ տեսնել` օրինակներով: Եթե նախագահի հայտարարություններին հետեւեն գործողություններ, դրանք կտան արդյունքներ, մարդիկ կտեսնեն, որ երկրում հակակոռուպցիոն բարեփոխումները սկսել են իրականացվել, հանրությունն էլ կսկսի վստահել իշխանությանն ու կառավարությանը: Ունենալով հանրային վստահություն՝ նրանք կարող են ավելի համակարգային հակակոռուպցիոն բարեփոխումների գնալ:

– Ապրիլյան պատերազմը ի ցույց դրեց այն բացերը, որոնք ունենք բանակում` կոռուպցիոն դրսեւորումներով պայմանավորված: Իսկ վերջին խորհրդարանական ընտրությունները քաղաքական կոռուպցիայի վառ օրինակ էին: Բանակում որոշ պաշտոնատար անձինք զրկվեցին իրենց պաշտոններից, ընտրություններից հետո ի հայտ եկան «ՍԱՍ-ի ձայնագրությունը», դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հայտնի ձայնագրությունները, որտեղ մարդկանց հորդորում-համոզում-պարտադրում էին ՀՀԿ-ին ձայն տալ, «Զիբիլիքսի» գործը, բայց այս ամենի համար պատասխան տվողներ չկան: Ավելին, օրերս գլխավոր դատախազը հայտարարեց` իրավական հիմքեր չեն գտել որեւէ մեկին պատասխանատվության կանչելու համար: Այս իրավիճակում կարո՞ղ ենք ակնկալել, որ հունվարից իշխանությունը կվերափոխվի, թեպետ նախագահը խոսեց այն մասին, որ հունվարից գյուղապետերին թույլ չեն տալու գողություն անել:

– Իշխանության վերափոխվելու խնդիրը շատ կարեւոր է, ժամանակի պահանջն է, եւ ոչ թե հունվարից, այլ վաղուց պետք է վերափոխված լիներ: Կարելի է ասել, որոշակի առումով նաեւ ուշացած է: Ինչեւէ, ողջունելի են վերափոխվելու մասին հայտարարությունները: Բայց վերափոխումն, ըստ իս, նշանակում է նախ՝ կադրային լուրջ փոփոխություններ: Բոլոր հիմնական ոլորտներում, որտեղ կան կոռուպցիոն ռիսկեր` հարկային, մաքսային, ոստիկանություն, դատական համակարգ եւ այլն, պետք է համակարգային կադրային փոփոխություններ լինեն: Այն ոլորտներում, որտեղ ՀՀ քաղաքացին ամենօրյա շփման մեջ է, պետք է զգա այդ փոփոխությունները: Եթե ՀՀ քաղաքացին իր արդարությունը չի գտնում իրավապահ մարմիններում, մնացածը, ինչ որ հայտարարվում է, դրանք երկրորդական են: Իսկ ՀՀ քաղաքացին արդարությունն այնքան ժամանակ չի գտնի, քանի մենք ունենք այս դատական համակարգը, որը լուրջ կադրային բարեփոխումների չի ենթարկվել: Իհարկե, Արդարադատության ակադեմիան գործում է, կադրերը վերապատրաստվում են, նոր հոսք կա, բայց դա բավական չէ համակարգային բարեփոխումների համար:

Կադրերը ոչ միայն պետք է լինեն պրոֆեսիոնալ, այլ նաեւ բարեխիղճ: Եթե սա պրոյեկտենք դատարանների վրա, այս երկու հատկանիշներից որեւէ մեկի բացակայության պարագայում արդարադատությունը չի իրականացվի: Արդարադատությունը երկու պահանջ ունի` արդարություն եւ դատավարություն. մեկը բարոյական է, մյուսը` մասնագիտական: Պատկերացրեք, եթե դատավորը լավ գիտի օրենսդրությունը, բայց նա բարոյականությունից զուրկ է, մեկ է՝ արդարադատությունը խաթարվում է: Կամ` հակառակը: Հանրությունը սպասում է այսպիսի կադրային բարեփոխումների, եւ եթե իշխանությունը ցանկանում է վերափոխվել, սրանք պետք է դնի վերափոխումների հիմքում:

Մյուս խնդիրը կանխարգելումն է: Դուք բերեցիք «ՍԱՍ-ի ձայնագրության» եւ մյուս օրինակները. եթե մենք ունենք օրենսդրական բացեր, բայց հանրությունը տեսնում է, որ այդտեղ բացեր կան, բնականաբար, պետք է կարողանալ դրանք ծածկել: Դեպք եղավ, դա օրենքում փոխվեց-լրացվեց, բայց ի՞նչ գիտենք՝ արդյո՞ք օրենքներում չկան նմանատիպ սողանցքներ, որ մյուս ընտրություններում այլ դրսեւորումներ կունենան: Այստեղ շատ կարեւոր է լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, մասնագիտացված կազմակերպությունների դերը, որոնք կարող են այդ խնդիրները հանել եւ կանխարգելիչ միջոցներ առաջարկել:

Կոռուպցիայի դեմ պայքարը երեք հենասյուների վրա է հիմնվում` կրթություն, որ հասարակությունն ավելի անհանդուրժող լինի նման երեւույթների նկատմամբ, օրենքների եւ իրավական ակտերի սողանցքների փակում եւ պատժի անխուսափելիություն: Եթե ինչ-որ մեկը խախտում է` անկախ իր զբաղեցրած դիրքից, իշխանության տարբեր պաշտոնյաների հետ ունեցած փոխհարաբերություններից, պետք է պատասխանատվություն կրի, օրենքը պետք է գերակա լինի: Ընդ որում, եթե այս երեք սկզբունքների կիրառման վրա հավասար ուշադրություն չդարձնենք, արդյունքների առումով մենք խոցելի կլինենք:

– Հիմա դատարաններում քաղաքական ենթատեքստերով երկու գործ է ընթանում` Նորքում ձերբակալված զինված խմբի եւ «Սասնա ծռերի» գործերը: Դրանից առաջ 2008-ի ընտրությունների գործերն էին: Ակնհայտ էր, որ թե՛ նախորդ, թե՛ ներկայիս գործերով դատարանները, դատախազները իրավաչափ չեն գործում: Նրանք, ովքեր իրենց մեծ ծառայությունն են իշխանությանը մատուցում, ինչպե՞ս պիտի պատժվեն:

– Եթե համեմատենք տասը, քսան տարիների առաջվա դատական համակարգը ներկայիս դատական համակարգի հետ, ապա բավական տարբերություններ կան: Ներկայումս դատական համակարգն ավելի անկախ է, քան տասը տարի առաջ էր: Դատավորը երրորդ իշխանությունն է, նա պետք է գործի իր խղճին եւ օրենքին համապատասխան: Ցավոք, այսօրվա դատական համակարգում միգուցե քաղաքական, իշխանական համակարգից ներազդեցություն չեն էլ ունենում դատավորի վրա, բայց դատավորներն իրենք են երեւի ուզում իրենց ավելի ապահովագրած լինեն: Սա փաստում է լուրջ, ինստիտուցիոնալ փոփոխությունների, դատարաններին անկախության երաշխիքների մասին: Ըստ իս՝ հիմնական երաշխիքը խոցելի, հասարակության անվստահությունը վայելող կադրերից ձերբազատումն է:

– Ունե՞նք այդ պոտենցիալը:

– Ես վստահ եմ, որ մենք փայլուն երիտասարդություն ունենք, որոնք լավագույն կրթություն են ստացել: Պարզապես պետք է նրանց հնարավորություն տանք, որ առանց բարդությունների, հովանավորչության կարողանան մուտք գործել համակարգ եւ բարեփոխումներ իրականացնել: Ներկայիս դատական համակարգն իր ուժերով ի զորու չէ այդ բարեփոխումներն իրականացնել: Իրական կյանքում մենք չունենք այն տպավորությունը, որ ինչ ասվում է օրենքով, հայտարարվում է կառավարության կողմից, իրականացվում է: Դա ունի մեկ պատճառ` դատական համակարգում այդ պոտենցիալը չունենք: Պետք է լինեն կոռուպցիայից հեռու, մասնագիտական բարեխղճություն, անխոցելի բարոյականություն ունեցող նոր կադրեր: Միայն նման դեպքում մենք արդյունք կստանանք, եւ եթե լինեն քաղաքական առումով հանրությանը հետաքրքրող դատավարություններ, մարդիկ վստահ կլինեն, որ դատավորն արդարադատություն է իրականացնում` անկախ որեւէ մեկի սուբյեկտիվ սպասումներից, դատապարտյալներից որեւէ մեկի նկատմամբ ունեցած համակրանքներից կամ հակակրանքներից: Այլապես, եթե մարդն ի սկզբանե չի վստահում դատական համակարգին, կարող է դատավարություններից առանձին դետալներ վերցնել եւ դրանք իբրեւ հիմնական խնդիր մատուցել:

Ի դեպ, եթե մարդիկ այսօր արտագաղթում են Հայաստանից, արտագաղթում են հիմնականում արդարության պակասից, ոչ թե հացի խնդրից ելնելով: Հացի խնդիրն էլ կա, իհարկե, բայց դա առաջնային չէ որեւէ մեկի համար: Վերջերս հակակոռուպցիոն մրցանակաբաշխության ժամանակ մենք մրցանակ տվեցինք Դիլիջանում փոքր բիզնեսի ներկայացուցչին, որը սրճարան էր աշխատեցնում: Մրցանակը տվեցինք հարկային անհիմն տուգանքի դեմ պայքարելու համար: Իրենք իրենց մեջ ուժ էին գտել, փաստաբաններ վարձել եւ հաղթել: Երբ զրուցում էինք սրճարանի տերերի հետ, իրենք ասում էին` կարեւորը տուգանքը չէր մեզ համար, այլ այն, որ մենք կարողացանք վերականգնել մեր խախտված իրավունքը դատական համակարգի միջոցով: Նաեւ այդ պատճառով եմ ես ասում, որ տասը տարի առաջվա եւ ներկայիս դատական համակարգերը տարբեր են: Բայց դա շատ քիչ է հանրության վստահությունը վերականգնելու համար:

Վերջին երկու տարիների ընթացքում կառավարության հետ համատեղ մենք լուրջ կառուցակարգեր ենք կարողացել ներդնել` ապօրինի հարստացման քրեականացում, հակակոռուպցիոն անկախ մարմին, ազդարարների ինստիտուտ եւ այլն: Դրանց մի մասը գործում է, մյուս մասը 2018-ից կգործի: Ես միայն հորդորում եմ իշխանություններին, իրավապահ մարմիններին, դատական ատյաններին, որպեսզի անշեղորեն կիրառեն այդ բարեփոխումները: Հանրությունը սպասելիքներ ունի եւ չի ցանկանում, որ դրանք նվաճվեն 5-10 տարի հետո, այլ կարճ ժամանակահատվածում:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

15.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031