Այս տարվա օգոստոսի 24-ին ՀՀ կառավարությունը 3 միլիոն դրամ տվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին, սա էլ՝ «Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամին»՝ Հայաստանում առնվազն 20 քայլարշավային երթուղի մշակելու համար: Կոմիտեն պնդում է, որ այդ գումարով քարտեզագրման նախագիծը իրականացվել է մասնակիորեն, եւ 10 նոր բացահայտված երթուղի մնացել է քարտեզագրումից դուրս։ Ու եւս 1,5 միլիոն դրամ է ուզում: Դեկտեմբերի 14-ին կառավարությունը որոշեց տալ այդ գումարը: Հարցը կառավարության նիստում չզեկուցվողներից է:
Այս եւ արդեն գործող երթուղիների (ընդհանուր մոտ 130 երթուղի) մասին տեղեկությունը կհրապարակվի բարձր վարկանիշ ունեցող 5 կայքում՝ www.wikiloc.com, www.skitrails.info, www.geoladders.com, www.gpsies.com, www.skiplain.com:
Զբոսաշրջության պետական կոմիտեում վստահ են, որ «այս երթուղիների հրապարակումը կխթանի ՀՀ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Արարատի եւ Արմավիրի մարզերում զբոսաշրջիկների ներհոսքի աճին։ Հատկանշական է, որ արշավականները գալիս են մարզեր հիմնականում գիշերակացով եւ հանգրվանում են հյուրատներում՝ այսպիսով նպաստելով մարզերում տնտեսական աճին»։
Ավելին՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում ակնկալում են, որ ծրագրի ավարտին՝ 2018 թվականին, Հայաստանում կլինեն քայլարշավային երթուղիները տարվա բոլոր եղանակների համար։
Զբոսաշրջիկների քանակական աճը, մարզերի տնտեսական աճը նշանակում է նոր ֆինանսական հոսքեր Հայաստանի պետական եւ համայնքների տեղական բյուջեներ: Սակայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն կառավարությանը հավատացնում է, որ այս որոշման ընդունումը «պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենա»:
Փաստորեն տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն խոստովանում է, որ 4,5 միլիոն (3+1,5) դրամ է ծախսելու ոչ էական արդյունքի համար:
Կամ էլ սա տնտեսական աճի հայկական տարբերակն է, երբ այդ աճից ո՛չ պետությունը, ո՛չ համայնքը, ո՛չ քաղաքացին օգուտ չեն տեսնում: Այսպես Հայաստանում աճում է ոչ միայն զբոսաշրջությունը: Այսպես հաջողություններ եւ «վագրային թռիչքներ» են գրանցում աղքատության կրճատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, արտագաղթը կանխելու ծրագրերը, օլիգարխներին կարգի հրավիրելու քայլերը, Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումների կարգավորումը: Բայց այդ ամենը ՀՀ քաղաքացու վրա ազդեցություն չի ունենում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
15.12..2017