Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ենթադրյալ հանցագործության վայրով՝ ավտոտնակի տեղով որոշվեց, թե որ դատարանը կքննի գործը

Դեկտեմբեր 16,2017 13:30

«Գինդ» թերթում քաղաքացին հայտարարություն է տեսել, համաձայն որի՝ օգնում են արագ ձեւակերպել վարկեր: Զանգել է նշված հեռախոսահամարով, հրավիրել են Օրբելի փողոցի վրա գտնվող մի գրասենյակ, ոմն Մերուժանի մոտ:

Այդ ոմն Մերուժանն էլ ծանոթացրել է վաշխառության գործով մեղադրվող Տիգրան Մարտիրոսյանի հետ: Վարկ են ձեւակերպել, տոկոսով գումար վերցրել, ժամանակին չեն կարողացել վճարել տոկոսները, հայտնվել են փողոցում՝ զրկվելով բնակարանից:
Մարդիկ հարստանում են:

Միայն այս գործով, ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանի անվամբ անշարժ գույքի կադաստրի արխիվային տվյալների համաձայն, առկա է 31 անուն բնակարան, հողամաս, ջերմատուն, անգամ՝ մարզաառողջարանային համալիր:

Ցավոք, սովորական դարձած մի պատմություն:

Տիգրան Մարտիրոսյանը մեղադրվում է 2009-2014թթ. «պարտք տված դրամի համար» տուժող Մաքսիմ Վարդանյանից ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույք՝ կրկնապատիկը գերազանցող չափով՝ 47 500 դոլար տոկոսներ ստանալու համար:

Քննչական բաժնում հաղորդում տված տուժող Գրիգորյանները հայտնել էին, թե հայր եւ որդի Վարդանյանները, մեղադրյալի հետ իրենց վստահությունը չարաշահելով, ձեռք են բերել Քաջազնունու իրենց բնակարանը, պատճառելով 60 000 դոլարի վնաս: Բացի այդ, տուժող ճանաչված Գրիգորյանների ընտանիքին պատկանող բնակարանից այդ նույն ժամանակահատվածում հափշտակվել է երեք միլիոնից ավելի իրեր:
Այս գործով տուժող Մաքսիմ Վարդանյանն իր տաղավարը դարձրել է հինգ հարկանի շենք, բանկում գրավ դրել իր անունով առկա «Դիաննա» ՍՊ ընկերության գույքը: Շինարարությունն ավարտին հասցնելու համար գումար էր պետք եւ հայրը դիմել է ընկերոջը՝ Սուրեն Գրիգորյանին: Սուրենը գումարով օգնել չէր կարող, քանի որ այդ ժամանակ գրավ էր դրված նրա բնակարանը եւ անհրաժեշտ էր 16 000 դոլար գումար, այն գրավից հանելու համար:

Մաքսիմի որդին՝ Ռաֆիկը, խոստացել է գրավից հանել հոր ընկերոջ՝ Սուրենի բնակարանը, իսկ Սուրենն էլ լավության կարգով, գումար կվերցներ եւ Քաջազնունու իր բնակարանը գրավ կդներ:

Մաքսիմի հետ Տիգրան Մարտիրոսյանի հանդիպման պայմանավորվածություններից է լինում այն, որ առքուվաճառքի պայմանագիր կնքեն նոտարականում: Կնքում են, գնում բանկ, տալիս են Տիգրանին 43 500 դոլարը, իսկ 15 000-ը խոստանում են վճարել մեկ ամսում:

Սուրենը Տիգրանի ավտոտնակում մուծում է չորս ամսվա տոկոսները:
Տոկոսները հետագայում Սուրենը չի կարողանում մարել, իսկ Տիգրանն էլ դիմում է դատարան՝ Սուրենի ընտանիքին վտարելու պահանջով:

Հոկտեմբերի 10-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տաթեւ Գրիգորյանը որոշում է կայացնում Տիգրան Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու մասին:
Գործի նախաքննությունն իրականացնում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռ.Նազարյանը, դատախազական հսկողությունն էլ դրված էր նույն տարածքի դատախազի վրա:

Քրեական գործը հարուցվում է հունվարի 16-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ Տիգրան Մարտիրոսյանի կողմից որպես արհեստ վաշխառությամբ զբաղվելու դեպքի առթիվ:

Հունվարի 23-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել է վարույթ: Իսկ օգոստոսի 29-ին Տիգրան Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ «դեռեւս ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ որպես արհեստ վաշխառություն ենթադրաբար կատարելու համար»: Սեպտեմբերի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Դատավորի որոշմամբ, «Ստացված գործն ընդդատյա չէ իրեն, այն ուղարկում է ըստ ընդդատության»: Ըստ դատարանի, պատշաճ ընդդատության հիմնարար իրավական նշանակությունն այն է, որ յուրաքանչյուր կոնկրետ քրեական գործը քննող դատարանի որոշման հստակ կանոնների առկայությունը եւ դրանց կանխատեսելի գործադրումն անհրաժեշտ պայման են կողմնակի դիտորդի մոտ այնպիսի համոզմունք ձեւավորելու համար, որ տվյալ կոնկրետ քրեական գործը քննող դատարանը եւ դատավորը նախատրամադրվածություն չունեն, եւ տվյալ գործը վարույթ ընդունելիս սուբյեկտիվիզմն ու կամայականությունը բացառված են եղել:

Դատարանը իր որոշման պատճառաբանական մասում իրավական գնահատական է տվել դեռեւս չքննված գործին, մասնավորապես, արձանագրելով. «Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նախաքննության մարմինը հիմնավորված է համարել, որ մեղադրյալ Տիգրան Մարտիրոսյանը 2009թ. փետրվար-մարտ ամիսներին, որպես արհեստ զբաղվելով վաշխառությամբ, ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ, ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով՝ ամսական 5 տոկոս դրույքով Մաքսիմ Վարդանյանին է տրամադրել ընդհանուր 20.135.400 ՀՀ դրամին համարժեք 60.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, իսկ որպես գումարի վերադարձի երաշխիք՝ Տիգրան Մարտիրոսյանի պահանջով ձեւականորեն կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վերջինիս անվամբ գրավադրվել է Նարինե Գրիգորյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված, սակայն վերջինիս ծնողներին պատկանող՝ Երեւանի Քաջազնունու փողոցի իքս-շենքի իքս-բնակարանը: Տուժող Մաքսիմ Վարդանյանի ցուցմունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հիշյալ գումարը ստանալուց հետո տուժողը, պայմանավորվածության համաձայն, Տիգրան Մարտիրոսյանի ավտոտնակում վերջինիս սկսել է վճարել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսները, իսկ 2014թ. մայիսի 5-ից հետո դադարեցրել է տոկոսներ վճարելը»:

Դատարանի դիտարկմամբ, «Տիգրան Մարտիրոսյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի նախատեսված արարքի ավարտման պահ անհրաժեշտ է դիտարկել ոչ թե տուժողի կողմից մեղադրյալ Տիգրան Մարտիրոսյանին ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ վճարելը դադարեցնելու պահը, այլ՝ մեղադրյալի կողմից հիշյալ տոկոսները ենթադրաբար ստանալու պահը… ավտոտնակում վերջինիս ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ վճարելու պահը»: Ենթադրյալ հանցագործության հավանական կատարումն ավարտվել է այն ավտոտնակում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Հետեւաբար, գործն ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ուր դեկտեմբերի 15-ին նշանակվել է անդրանիկ դատական նիստը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

15.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031