Լույս է տեսել Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի մեծերը»
մատենաշարի 18-րդ աշխատությունը
Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի՝ 2016թ. «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 17-րդ աշխատության հրատարակման առիթով, որը նվիրված էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակին, «Առավոտը» փաստեց, որ բախտավորություն է, երբ հեղինակին հնարավորություն է ընձեռվում ներկայացնել մի թատրոնի պատմություն, որի հիմնադրման ականատեսն է ինքը: Այսօր, երբ «Լուսակն» հրատարակչությունում պատրաստ է արվեստաբանի հերթական աշխատությունը՝ նվիրված 2018թ. 85-ամյակը բոլորող Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին, կրկին կարող ենք փաստել, որ այս դեպքում էլ, թեկուզ փոքր-ինչ «ուշացած», բայց ականատեսն է նաեւ այդ թատրոնի պատմությանը:
«Առավոտի» հետ զրույցում Սերգեյ Առաքելյանն ասաց. «80 եւ անց տարիների պատմության ճանապարհին օպերային թատրոնի բեմը շատ արվեստագետներ է տեսել, որոնք եկել են ու գնացել՝ իրենց անունները թողնելով ազդագրերի ու ծրագրերի մեջ՝ որպես գրանցում, որպես այցետոմս: Սակայն եղել են երախտավորներ, ովքեր իրենց հետքն են թողել թատրոնի պատմության մեջ: Հենց այդ արժանավոր երախտավորներին՝ հայկական օպերային եւ բալետի թատրոնի հիմնադիրներին ու նրանցից հետո եկող, այսօր էլ ստեղծագործող գործիչներին է նվիրված այս ձեռնարկը, որոնց կենսագրությունը թատրոնի կենսագրությունն է նաեւ»:
Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, թե աշխատել է միայն փաստերի՝ անձնական արխիվներից, մամուլում հրատարակված նյութերի հիման վրա, առանձին արվեստագետներից, թանգարաններից ձեռք բերած ավելի քան 2000
լուսանկարների օգնությամբ պատկերել թատրոնի պատմությունը: Դիտարկմանը, թե նման ծավալուն աշխատության մեջ սովորաբար լինում են բացթողումներ, վրիպումներ, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Նախապես ուզում եմ հայցել ընթերցողի ներողամտությունը գրքում նկատած բացթողումների ու վրիպումների համար, ինչը, կարծում եմ, ունի իր տրամաբանական բացատրությունը»:
«Հարուստ է այս թատրոնի անցյալը, հետաքրքիր է նաեւ նրա այսօրը՝ ստեղծագործական նոր մտածողություն, ժամանակին համահունչ գեղագիտություն, տաղանդավոր երիտասարդ արտիստներ… Պետք է նշեմ, որ բնավ չունենալով թատրոնի պատմությունն ամբողջական համարելու հավակնություն, ինչի հնարավորությունը չի տալիս նաեւ գրքի ծավալը (656 էջ), փորձել եմ հնարավորինս ներկայացնել թատրոնում աշխատած եւ հրավիրված դիրիժորների, ռեժիսորների, նկարիչների, խմբավարների, բալետմայստերների ու թատրոնի հիմքը կազմող երգիչ-երգչուհիների ու բալետի արտիստների գործունեությունը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Պարոն Առաքելյանը հատուկ իր երախտագիտության խոսքն ուղղեց երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանին՝ մասնագիտական խորհուրդներ եւ արժեքավոր լուսանկարներ տրամադրելու համար:
Ի դեպ, մինչ օրս Ազգային օպերային թատրոնի 50-ամյակին նվիրված մեկ գիրք է հրատարակվել՝ Կառլոս Մարկոսյանի հեղինակությամբ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
15.12..2017