Անհրաժե՞շտ է դպրոցում տալ սեռական դաստիարակություն, թե՞ ոչ
Դպրոցներում ժամեր են հատկացված «Առողջ ապրելակերպ» առարկային, որի ընթացքում զրույցներ են անցկացվում ծխախոտի, ալկոհոլի, թմրամիջոցների օգտագործման վատ հետեւանքների, ինչպես նաեւ սեռական դաստիարակության մասին։
«Առավոտի» հետ զրույցում ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ սեռակրթությունը, այսինքն՝ սեռական դաստիարակությունը, ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետեւաբար այն պետք է սկսել կյանքի առաջին օրերից:
Բժշկի պնդմամբ` կարծիք կա, թե սեռական դաստիարակությունը դպրոցում լսած դասախոսություն է կամ լուրջ խոսակցություն տանը` ծնողների հետ: Սակայն իր կարծիքով՝ սա չափազանց նեղ մոտեցում է սեռական դաստիարակության հարցին, քանի որ իր ամբողջ կյանքի ընթացքում երեխան տեղեկանում է սեռական կյանքի զանազան երեւույթների մասին:
Տարիներ շարունակ սեռական դաստիարակության թեման փակ է եղել հատկապես երեխաների համար: Ավագ սերնդի ներկայացուցիչների պնդմամբ` նույնիսկ ընտանիքներում ծնողների հետ այդ մասին խոսելն ամոթալի եւ անպարկեշտ է համարվել: Տեխնոլոգիական այս դարաշրջանում ինֆորմացիոն հոսքն անկառավարելի է, ուստի երեխան իրեն հետաքրքրող շատ հարցերի մասին կարող է պատկերացում կազմել համացանցի միջոցով: Սեքսապաթոլոգը նշեց. «Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով»:
Ակնհայտ է, որ երեխայի սեռական դաստիարակությունն անտեսելը կամ դրան լուրջ չվերաբերվելը կհանգեցնեն մի շարք հոգեբանական եւ այլ խնդիրների: Հոգեբան Սաթեն Գրիգորյանի կարծիքով` սեռական դաստիարակության հարցը դպրոցներում պետք է առաջնային հարթության վրա լինի, քանի որ դրա սխալ ներկայացումը կարող է նպաստել սեռական վարքագծի ոչ ադեկվատ զարգացմանը. «Պետք է քաջ գիտակցել, որ այդ պարտականությունը հանձն առնելը մեծ պատասխանատվություն է, ուստի պատահական մարդկանց չպետք է թույլ տալ դասարան մտնել»: Հարցին՝ ովքե՞ր պիտի վարեն դասընթացը, հոգեբանը պատասխանեց. «Ցանկալի է, որ հենց հոգեբանը վարի դասընթացը կամ վերապատրաստված մասնագետները, բայց ոչ թե մի քանի հանդիպմամբ վերապատրաստված ուսուցիչները, այլ սեռադաստիարակչության ամբողջական կուրս անցած եւ բարոյաէթիկական նորմեը լավագույնս սերտած մասնագետները, քանի որ նույնիսկ աննշան բացթողումը կամ ոչ համարժեք պատասխանը կարող են լուրջ հոգեբանական վնասի ենթարկել երեխաներին»:
Բժիշկ-սեքսապաթոլոգ Մնաց Փահլեւանյանի կարծիքով` երեխայի սեռական դաստիարակությունը պետք է սկսել նրա ծնված օրվանից՝ հաշվի առնելով հագուստը, խաղալիքները եւ այլն։
Երեխայի համար դաստիարակություն ստանալու ամենակարեւոր եւ առաջին միջավայրը ընտանիքն է: Ծնող Շուշան Բաբայանի կարծիքով՝ չնայած աշխարհի արագ զարգացմանն ու ինֆորմացիայի հեշտ տարածմանը, մեր երկրում շատ են այս ոլորտում անգրագետ ծնողները, կամ անգամ, եթե ունեն համապատասխան գիտելիք, բարդույթների պատճառով չեն համարձակվում խոսել երեխայի հետ։ Ուստի նա չափազանց կարեւոր համարեց սեռական դաստիարակությունը որպես առարկա դասավանդելը։ Չնայած այս ամենին` ծնողը տեսնում է նաեւ խնդիրներ. «Իմ կարծիքով՝ առարկան պետք է դասավանդեն հոգեբան-սեքսապաթոլոգներ կամ նվազագույնը՝ հոգեբաններ եւ ոչ մի դեպքում ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Լավ կլիներ, որ դասընթացից առաջ հանդիպումներ կազմակերպվեին նաեւ ծնողների հետ` նրանց տեղեկացնելու եւ խորհուրդ տալու համար, թե ինչ մոտեցում պետք է տանը ցույց տան երեխաների նկատմամբ՝ նրանց օգնելու եւ ուղղորդելու համար»: Հոգեբան Շողիկ Հարությունյանն աշակերտներին դասավանդելու փորձ ունի: Նա դպրոցներում սեռական դաստիարակության մասին դասընթացները նմանեցնում է պատվաստման: Ըստ նրա՝ առարկան ոչ միշտ են ճիշտ մարդիկ դասավանդում: Հոգեբանի կարծիքով՝ լավագույն տարբերակը կլինի կենսաբանի մատուցումը` իհարկե, հատուկ վերապատրաստումներ անցնելուց հետո միայն. «Երկար տարիներ կարծրատիպ կար, որ սեռական դաստիարակության մասին զրույցները պարզապես ավելորդ հետաքրքրություն են առաջացնում դեռահասների մոտ: Սակայն փորձն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռահասները, ովքեր տեղեկացված են լինում թեմայից, հիմնականում ճիշտ ժամանակին են սկսում սեռական կյանքը եւ չեն ունենում ո՛չ հոգեբանական, ո՛չ այլ խնդիրներ»։
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հավելմամբ` սեռական դաստիարակության դասավանդումը ֆիզկուլտուրայի ուսուցչին վստահելը տարակուսելի եւ վիճելի հարց է, քանի որ դասընթացը պահանջում է հատուկ մասնագիտացում եւ սպեցիֆիկ մեթոդաբանություն: Նրա խոսքով` կան որոշ դպրոցներ, որտեղ դասավանդման փորձ ունեցող եւ թեմային տիրապետող բժիշկ-սեքսապաթոլոգները պարբերաբար հանդիպում են բարձր դասարանցիների հետ, կարդում դասախոսություններ՝ նվիրված սեռական դաստիարակության ժամանակակից խնդիրներին: Բայց սա, իհարկե, հարցի լուծում չէ: Սեռակրթության ուսուցումը պետք է ամուր հիմքերի վրա դրվի թե՛ դպրոցական, թե՛ բուհական համակարգում. «Չէ՞ որ այսօրվա ուսանողը վաղվա ծնողն է»։
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
2-րդ կուրս
«Առավոտ»
15.12..2017
Իսկ այդ մասնագետները իրավունք ունե՞ն միջամտելու երեխայի սեռական դաստիարակությանը, եթե այդ երեխայի ծնողները իրենց սեփական պատկերացումներն ունեն այն մասին, թե երբ, ինչպես և ինչքան ինֆորմացիա են տալու իրենց երեխային այս թեմայով: Եվ եթե ծնողների որոշումն ու կարծիքը արմատապես տարբերվում են այդ մասնագետների արտահայտած մտքերից, ապա ինչպե՞ս պիտի լուծվի այս կոնֆլիկտը: Երեխաներին փչացնելու այլ ձևեր չկա՞ն: