Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի տպավորությամբ, 2018-ին քաղաքական վերադասավորումների վերաբերյալ ՀՀ նախագահն իր վերջին հարցազրույցի ժամանակ ասաց այն, ինչ մտածում էր:
«Եթե նախապես հայտարարի, ով է լինելու ապագա վարչապետը, նախագահն ու ԱԺ նախագահը, շիլաշփոթ կառաջանա պետական համակարգում, մի քիչ անլուրջ մոտեցում կլինի: Դրա համար հասկանալով այս իրավիճակը՝ բարձրաստիճան ղեկավարները ձեռնպահ են մնում այդ թեմայի շուրջ խոսել: Բայց հասկանալի է, որ այս խնդիրը թիվ մեկ խնդիրն է իրենց համար, որովհետեւ, ըստ էության, ներկուլիսային հարաբերություններում անընդհատ քննարկում են այդ հարցը, թե ինչպիսի կոնֆիգուրացիա կլինի ապագա իշխանության, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ հասարակության մեջ կա փոփոխությունների պահանջ, ու այդ փոփոխությունները հասարակությունը չի կարողանում իրականացնել ընտրությունների միջոցով, եթե այդ փոփոխությունները չլինեն իշխող ուժի կողմից, վտանգավոր իրավիճակ կառաջանա:
Հասարակությունը իշխանության մեջ նոր մարդկանց է ուզում տեսնել, պահանջը ոչ թե Գալուստ Սահակյանից է, այլ նոր դեմքերից, իշխանությունները ոնց որ թե նոր մարդկանց ներկայացրին ընտրություններից առաջ, տրամաբանական կլինի, որ իշխանությունն այդ տրամաբանությունը շարունակի: Նույն Կարեն Կարապետյանից հասարակության մեջ սպասելիքներ կան, ճիշտ կլինի, որ թույլ տան նա շարունակի կառավարել տնտեսությունն ու տրամաբանական հանգրվանի հասցնել»,- ասաց քաղաքագետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ