Դեկտեմբերի 14-ին Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ընդունելությանը մասնակցում էին քաղաքականության, արվեստի, մշակույթի, ինչպես նաև գործարար շրջանակների 150-ից ավելի ներկայացուցիչներ՝ Թբիլիսիից և Վրաստանի այլ շրջաններից։
Բացման իր խոսքում դեսպան Սադոյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ և միաժամանակ լրջագույն պատասխանատվություն է լինել Հայաստանի դեսպանը բարեկամ Վրաստանում։ Խոսեց հայերի ու վրացիների դարավոր բարեկամության և ընդհանրությունների մասին, անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններում վիրահայ համայնքի դերին ու նշանակությանը։
ՀՀ դեսպանն իր խոսքում ընդգծեց հայ համայնքի միասնական լինելու կարևորությունը՝ վստահեցնելով, որ իր դիվանագիտական առաքելության ողջ ընթացքում անելու է հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու վիրահայ համայնքի միասնականության ամրապնդմանը։
Ռուբեն Սադոյանը նաև իր շնորհակալությունը հայտնեց Վրաստանի բարձրագույն իշխանություններին՝ նշելով, որ նրանց բարյացակամ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ մշտապես ակնառու է։
Երեկոյի ընթացքում հայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Մոցարտի, Սերգեյ Ասլամազյանի և այլոց ստեղծագործությունները։
Վրաստանում ՀՀ դեսպանություն