Լրահոս
Օրվա լրահոսը

2019 թվականից լավ ենք ապրելու. Գագիկ Մակարյանի կանխատեսումները

Դեկտեմբեր 15,2017 17:59

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մնում է իր կարծիքին`ԵԱՏՄ-ն միջակության ընտանիք է, որը կարող ենք լավ օգտագործել:

ՀԱՊԿ եւ ԵՎՐԱԶԵՍ ակադեմիան այսօր քննարկում էին կազմակերպել: Վերլուծում էին ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում վերջին երկու տարիների խոչընդոտները:

Գագիկ Մակարյանը կարծում է, որ հայ գործարարները մրցունակության խնդիր ունեն, թե մոդեռնիզացիայի աստիճանով, մատակարարման ռեժիմներով, լոգիստիկայով, սեփական իրավունքների իմացությամբ եւ այլն, եւ մինչ եվրոպական շուկաներ դուրս գալը կարող են ԵԱՏՄ շուկայում թրծվել:

«Հետեւաբար, ԵԱՏՄ-ի շուկան ժամանակավոր տրամպլին է, որը Հայաստանը պիտի օգտագործի: ԵՄ-ի շուկան, ավելի բարձրակարգ է, քանի որ կայացած, մրցունակ է, ձեւավորված ճաշակ կա: Ամեն զարգացող տնտեսության համար կարեւոր է հստակեցնել, թե իր ապագան որտեղ է, բայց այդ ճանապարհին դեռ չստացվածները վաճառի ԵԱՏՄ շուկայում: Ես չեմ թերագնահատում ԵԱՏՄ-ի շուկան, բայց նաեւ մի բան գիտեմ`ՀՀ-ում հիմա արագ ինովացիոն զարգացումներ կան եւ կարող է մի պահ լինել, որ ԵԱՏՄ-ի շուկան պատրաստ չի լինի այդ ինովացիոն տեխնոլոգիաները կիրառելու, քանի որ իր տնտեսությունը դրանց հարմարեցված չէ»,- ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ ՌԴ-ն ցույց տվեց, որ իր ռազմական արդյունաբերության զարգացումը չի ցանկանում «կիսել» որեւէ մեկի հետ, ինքնուրույն է անում:

Ինչ վերաբերում է պարենային ապրանքատեսակներին, նա նկատում է, որ դեպի ՌԴ արտահանումները չպետք է դիտարկել իբրեւ Հայաստանին լավություն, քանի որ ՌԴ իշխանությունները լավ հասկանում են` իրենց ժողովրդին լավորակ, օրգանապես մաքուր մթերքներ են պետք, որոնք նաեւ գների առումով են հարմար:

Իսկ ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր չստացած արդյունքները Գագիկ Մակարյանը պայմանավորում է նաեւ մեր դանդաղկոտությամբ: Բացի այդ, ԵԱՏՄ շրջանակներում դեռ կան խանդի երեւույթներ եւ միշտ չէ, որ օրենքները հավասար են կիրառվում. մեծ պետությունների վերաբերմունքը արտահայտվում է: Նա չի մոռանում ՌԴ-ում կոռուպցիայի մեծ ծավալների մասին եւ այն մասին, որ ԵԱՏՄ անդամ երկրները, որոնք ավտորիտար են, գտնվում են պաշտոնական եւ ոչ պաշտոնական սանկցիաների տակ: Հայաստանը նման սանկցիաներից զերծ է:

«ԵԱՏՄ-ն կմնա բարդ ընտանիք: Դժվար կզարգանա, քանի որ անդամ հինգ երկրներից երկուսը մուսուլմանական են: Այսինքն, նաեւ մշակույթների տարբերության խնդիրն եմ ես տեսնում, որը որոշակի քաղաքական կարեւոր պահերին ընդգծվում է»,- ասում է Գագիկ Մակարյանը:

Զարգացման հիմքում նա դնում է համաշխարհային առեւտրի կանոններին ներդաշնակեցումը եւ ուրախ է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն այս կանոնները հաշվի առել է: Հույս ունի, որ ԵԱՏՄ-ն`իր ներքին կանոնադրություններով չեն հակադրվի ԱՀԿ-ի կանոններին: «Կարեւոր է նաեւ, որ ԵԱՏՄ-ում քաղաքական ու տնտեսական շահերը ներդաշնակեցվեն: Ցավոք, դա չկա: Քաղաքական շահերը հաճախ գերադասվում են, ինչը վնասում է ԵԱՏՄ տնտեսական ընտանիքի կայացմանը»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Հարցին`ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրվեց, Իրան-Հայաստան ազատ տնտեսական գոտին արդեն իրողություն է. ե՞րբ սպասել արդյունքները, Գագիկ Մակարյանը պատասխանեց. «2018-ին կսկսի երեւալ, բայց ավելի շատ 2019-ին հասարակության տրամադրությունները` դրական զգացողությունների առումով, շոշափելի կլինեն: 2018-ն ավելի վիճակը հավասարակշռող կլինի: Թե մեր, թե ՌԴ-ի տնտեսական աճը, որը կբերի տրանսֆերտների ավելացման, մյուս կողմից` 750-ից ավելի ապրանքատեսակների թանկացումը`ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված, որը գիտեինք, պարզապես երկու տարի նախապատրաստական ժամանակ էինք վերցրել, ակցիզային դրույքաչափերի աճը, մեծ ազդեցություն կունենա դոլարի եւ եվրոյի թանկ մնալը… կարծում եմ, պետությունը չի գնա դրամի արհեստական արժեւորմանը, ինչպես ժամանակին ֆանտաստիկ ձեւով արեցին: Դա լուրջ հարված կլինի արտահանողներին: Այն ժամանակվա փորձը ցույց տվեց, որ մեր արտադրողները կորցրեցին պայմանագրերը: Կառավարության հինգ տարվա ծրագրում կա 40-45 տոկոսի հասցնել ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման ծավալը եւ նման խաղ անելը կվնասի այդ կոնցեպցիային: Հետեւաբար, այս ամենը 2018-ին կհակակշռեն իրար, 2019-ից դրական դինամիկան կնշմարվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031