«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» մեղադրյալ Գալուստ Գրիգորյանը, որն այսօր հարցաքննվում էր դատարանում, հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքների տակ ստորագրել է՝ առանց կարդալու:
Հիշեցնենք, որ դատարանում այսօր նա պնդեց, որ Սեֆիլյանի կողմից հեռուստաաշտարակ գրավելու մտադրություններ չեն եղել, իսկ ահա նախաքննական ցուցմունքներում հակառակն էր ասել: Մեղադրող-դատախազներից Պետրոս Պետրոսյանը հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչու է նա գործով մյուս մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանի հետ գնացել հեռուստաաշտարակի տարածքը զննելու:
Գրիգորյանը պատճառաբանեց, որ իրենց առանձնապես չի հետաքրքրել Հովհաննեսի դրդապատճառը. «Ինքը նկարիչ է: Լուսադեմ էր, մտածեցի՝ ինչ-որ սիրուն տեսարան է ուզում նայի: Ասե՞մ ճիշտը՝ հետը գնացի, որ շները չուտեն: Թե իր ինչին էլ պետք գնալը, ես չգիտեմ»: Մեղադրյալի անմիջական պատասխանը դահլիճում ծիծաղ առաջացրեց: Ապա Գալուստ Գրիգորյանը խոստովանեց՝ քննիչի հետ մտերմիկ մթնոլորտում է եղել, այդ պատճառով էլ ցուցմունքն առանց կարդալու է ստորագրել:
«Դաժե ես սենյակում սուրճ դրեցի, խմեցինք»,-պատմեց նա:
Նաեւ դատարանին հայտնեց, որ նախաքննության ընթացքում քննիչներն ասել են՝ «գործն արագ սարքենք-բրդենք առաջ»:
«Այս ամենը հերյուրանք է…դուք էլ լավ գիտեք, որ այդպես է»,-դիմելով դատախազին՝ նետեց Գրիգորյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ