«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամներ, Երեւանի ավագանու համանուն խմբակցության ավագանու անդամներ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւն այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ չեն պատրաստվում վայր դնել իրենց մանդատները:
Հիշեցնենք՝ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԿԸՀ-ում հայտարարեց, որ նրանք ծախվել են ՀՀԿ-ին, այդ պատճառով էլ ինքը ԿԸՀ-ից է պահանջում դադարեցնել նրանց լիազորությունները:
Այդ առնչությամբ Մնացական Պարակշիեւն ասաց. «Ցավում եմ, որ տիկին Փոստանջյանը՝ դասընկերս, մանկության ընկերս, նման ոչ խելամիտ պահվածք է դրսեւորում՝ հանուն ինչ-որ ոչ ճիշտ նպատակների»: ՀՀԿ-ին «ծախված» լինելու մեղադրանքները նա անհիմն որակեց. «Այդպես չէ…ով այդպես է մտածում, դա իր կարծիքն է»:
Հայկ Պետրոսյանն էլ համոզմունք հայտնեց, որ ավագանու մանդատն իրենց երեւանցիներն են տվել՝ իրենց քվեներով:
Սա զայրացրեց հարցազրույցին հետեւող Զարուհի Փոստանջյանին, որը հարցադրում արեց՝ «ձեզ քանի՞ երեւանցի էր ճանաչում»: «Երկիր Ծիրանիի» ներկա եւ նախկին անդամները ԿԸՀ միջանցքում վիճեցին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ