ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադառնալով կառավարության, վարչապետի գլխավորությամբ խոստացված 850 միլիոն դոլար ներդրումներին, ասաց, կառավարության ներկայացուցիչները որեւէ կերպ չանդրադարձան, որպեսզի ապացուցեն, որ խոստացված ծավալի ներդրումը եղել է:
Այսօր «Փաստարկ» ակումբում տնտեսագետն ասաց, որ կառավարությունը, որպեսզի ապացուցի, թե մեծ գործ է արել, ներդրումներ է ապահովել, հաշվարկային մեթոդոլոգիան փոխել է. «Ի դեպ, ես չեմ էլ ուզում ասել մեծ գործ արել է, թե՝ ոչ, չեմ էլ ուզում գնահատել, բայց եթե մեծ գործ արել է, ներդումներ չեն գալիս Հայաստան: Այս միջավայրում Հայաստանում ներդրումներ չի կարող գալ, որեւէ տնտեսագիտական տեսության մեջ ներդրումների միջավայրի վերաբերյալ գնահատական տալու դեպքում, Հայաստանն այդպիսի միջավայր չունի»:
Ըստ տնտեսագետի, մի երկրում, որտեղ օրենքները հաճախակի փոխվում են, նոր ու ավելի վատ օրենքներն են ընդունվում ֆանտաստիկ քանակությամբ, նման պարագայում որեւէ ներդրող չի կարող գումար ներդնել, քանի որ տնտեսական միջավայրը անկանխատեսելի է:
Մանրամասն՝ տեսանյութում
«Ինչո՞ւ պետք է գան Հայաստան ներդրում անելու, որքանով է վստահելի, որ այստեղ ներդրված փողը եկամուտ կբերի եւ ներդրողին չեն զրկի սեփականությունից: Ինչո՞ւ պետք է գան, երբ օլիգարխիկ տնտեսություն է: Բոլորը շատ լավ գիտեն, որ Հայաստանում կոռուպցիան ամենավերին մակարդակում է գտնվում, բոլորը լավ գիտեն, որ ներքին մրցակցություն չկա, եւ ամենակարեւորը՝ հովանավորչություն կա»,-ասաց տնտեսագետը:
Տնտեսագետը նկատեց՝ ՀՀ-ում ուղղակի ներդրումների առյուծի բաժինը Ամուլսարի հանքի շահագործման հետ է կապված. «Այսինքն՝ սա նոր կառավարության քաղաքականության արդյունքը չէ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Վահագն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները հատուկ քաղաքականություն են տանում, որպեսզի Հայաստանում միջին խավ չձեւավորվի, ինչը շատ ձեռնտու է իշխանությանը. «Նրանց ձեռնտու է մարդկանց մեծ քանակություն, որոնք ինքնուրույն կարծիք չունեն, որոնք ինքնուրույն գործունեության հնարավորություն չունեն, որոնք ինքնուրույն քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն չունեն, որովհետեւ քաղաքականությամբ զբաղվելու համար ֆինանս է հարկավոր: Ֆինանսը կարող է տալ այն մարդը, որն ունի լրացուցիչ գումար, այսինքն՝ միջին խավը»:
Խաչատրյանն իր ասածը հիմնավորելու համար մեջբերեց Համաշխարհային բանկի վերլուծության տվյալները եկամուտների բաշխման վերաբերյալ:
Այս մասին մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ