Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդկանի մահվան գործով մեղադրվող մանկաբարձ-գինեկոլոգը համաձայն չէ մեղադրանքի հետ

Դեկտեմբեր 15,2017 17:35

2016 թվականի հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով վարույթն իրականացնող մարմինը 2017 թ. նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրել Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին (լուսանկարում):

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ծննդկանին բուժօգնություն ցուցաբերելիս մանկաբարձ-գինեկոլոգներն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս դրսեւորել են անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով էլ մահացել է 32-ամյա կինը:

-Մենք ունենք փաստ, որ ծննդաբերությունից հետո Նազլուխանյանի մոտ եղել է հետծննդաբերական պատռվածք, որից էլ արյունահոսություն է եղել: Պատռվածքը վերականգնելու համար նախ պետք էր միջամտություն իրականացնել՝ կարել: Դրանից հետո, նշված ուղեցույցի դրույթներից ելնելով, պետք է իրականացվեր որովայնահատում: Սրա շարունակման դեպքում վիրահատական միջամտություններ պետք է լիներ, ընդհուպ մինչեւ արգանդի հեռացում, ինչն էլ կնպաստեր արյունահոսության դադարեցմանը: Հիմա մենք ունենք այն, որ այս գործողությունները չեն իրականացվել: Ծննդաբերությունից հետո ունեցել է արյունահոսություն, դրա դադարեցման ուղղությամբ բժշկական հաստատությունում պատասխանատու մասնագետներից որեւէ մեկի կողմից հստակ գործողություն չի իրականացվել, ինչի արդյունքում զարգացել է հեմոռագիկ շոկ, որից էլ վրա է հասել Նազլուխանյանի մահը,- մեզ հետ զրույցում ասաց ՀՔԱՎ-ի գրասենյակի փաստաբան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը:

Ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանն էլ ասում է, որ ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Բալանյանը, եւ որ ինքը ծնարանում չի եղել, քանի որ իր աշխատանքային ժամն ավարտված է եղել. «Ժամը 18:00-ին ծննդկանը ընդհանուր բավարար վիճակով, պահպանված պտղաջրերով, պտղի սրտի նորմալ աշխատանքով, գլխային առաջադրությամբ հանձնվել է հերթապահ բժիշկ Արսեն Բալայանին: Դրանից հետո ես դեռ հիվանդանոցում եմ գտնվել, կատարել եմ երեկոյան համայց՝ ծննդկանների վիճակը գնահատելու համար: Բարձրացա ծնարան եւ՛ բժշկից, եւ՛ մանկաբարձուհուց տեղեկացա, որ ամեն ինչ նորմալ է, խնդիրներ չկան, եւ 6:40-6:50-ի սահմաններում դուրս եմ եկել ծննդատնից»:

Բժշկի խոսքով այդ ժամանակ ինքը եղել է բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարը: Իսկ աշխատանքային ժամը սկսվել է առավոտյան ժամը 9-ին, ավարտվել 18:00-ին: Նրա վստահեցմամբ, աշխատանքային ժամից հետո ծննդատուն են ներկայանում միայն հերթապահ բժիշկների կանչով: Շահվերդյանը համաձայն չէ, նաեւ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության հետ, այն որ բժիշկներն իրենց գործողությունները թերի են կատարել:

-20:30-ին ես ստացա զանգ, որ ծննդկանի մոտ հայտնաբերվել է պատռվածք, չի հաջողվում վերականգնել եւ օգնության կարիք կա: Ես գնացի հիվանդանոց: Մենք անեսթեզիոլոգի հետ ենք ներկայացել ծնարան, հեմոդինամիկ ցուցանիշները եղել են կայուն, եւ երակային անզգայացման պայմաններում կրկին ստուգվեցին ծննդաբերական ուղիները, որտեղից որ որոշ չափով առկա էր արյունային արտադրություն, դրվեցին լրացուցիչ հեմոստատիկ կարեր, որոշ ժամանակ մենք արտաքին արյունահոսություն չենք ունեցել: Այդ ժամանակ մենք հրավիրեցինք լաբորատորիա, հայտնաբերվեց, որ հիվանդի մոտ առկա է սակավարյունություն, հեմոգլոբինը 80գ/լ-ի սահմաններում էր, անմիջապես հարց բարձրացվեց թարմ արյան սառեցված պլազմայի ներարկման: Անմիջապես զանգահարել ենք արյան կայանի աշխատողներին, հրավիրել ենք ծննդատուն, որպեսզի սկսենք ինֆուզիոն, տրանսֆուզիոն թերապիան:

Համարվում է, որ պետք է կատարվեր որովայնահատում, մենք պատրաստ ենք եղել որովայնահատման, հիվանդը գտնվել է վիրահատարանում, որովայնը մշակած, ուղղակի հիվանդի վիճակը թույլ չէր տալիս սկսել վիրահատությունը որովհետեւ հեմոդինամիկ ցուցանիշները խիստ անկայուն վիճակում էր եւ չէր դիմադրի ո՛չ դեղորայքային միջամտության, ո՛չ անզգայացման, եւ՛ ոչ վիրահատության… Ծննդատուն ներկայացել եմ հերթապահ բժշկի կանչով, փորձել ենք օգնությունը հնարավորինս շուտ կազմակերպել: Ես ինձ մեղավոր չեմ համարում,- ասում է ավագ մանկաբարձ-գինեկոլոգը:

Դեպքի հետ կապված, գործը վարող քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն բժշկի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

-Մենք էլ ենք պատրաստվում նման միջնորդությամբ հանդես գալ, դա կլիներ քրեական գործի ավարտին, թե ընթացքում, բայց քանի որ տեղեկացանք, որ գործը վարող քննիչն արդեն դիմել է, մենք առայժմ սպասում ենք այդ արդյունքներին, որից հետո մենք արդեն որպես տուժող կողմ մեր մարտավարությունը կմշակենք այս ուղղությամբ: Իսկ հիմա մենք սպասում ենք գործով նախաքննության ավարտին, եւ նշված միջնորդության պատասխանին: Պետք է, որ նախաքննության ավարտ հայտարարվի եւ գործն ուղարկվի դատարան,- եզրափակեց Անի Չատինյանը:

Այժմ գործը գտնվում է նախաքննության փուլում: Գործով մեղադրվող մյուս մանկաբարձ-գինեկոլոգը՝ Արսեն Բալայանը հոկտեմբերի 18-ին ավտովթարի զոհ է դարձել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031