Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասակար և առավել վնասակար պայմաններում աշխատողների համար հավելավճարները կվերանա՞ն

Դեկտեմբեր 15,2017 17:18

ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում, փորձագետների համոզմամբ, կան ռիսկային դրույթներ: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը չնայած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանի տեղեկացմանը, թե նախագծի վերաբերյալ ստացել են Աշխատանքի միջազգային կազմակերպության գրասենյակի փորձագիտական եզրակացությունը, Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը մի շարք խնդիրներ նշեց: Օրինակ՝ այն, որ վնասակար և առավել վնասակար պայմաններում աշխատելու համար նոր օրինագծով նախատեսվում է հավելավճարների վերացում. «Բոլոր մատնանշվող երկրներում այդ վճարների փոխարեն աշխատում են այլ համակարգեր՝ սկսած ռիսկերի գնահատումից մինչև պարտադիր ապահովագրում: Փոքր-ինչ ժամանակավրեպ է վնասակար և առավել վնասակար պայմաններում աշխատելու համար հավելավճարները վերացնելը, քանի որ անհրաժեշտ է նաև ստեղծել այն համակարգը, որտեղ գործատուն միտված կլինի ներդրումներ անել, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծի աշխատողի համար, հետո միայն անդրադառնալ վերացման հարցերին»:

Պարոն Ավետիսյանը, ընդհակառակը, խոսեց նախագծի դրական կողմերի մասին՝ հավաստիացնելով, որ նոր կարգավորումներ են ամրագրված, որոնց հիմքում ընկած է ՀՀ-ի՝ միջազգային ոլորտում ստանձնած աշխատանքային պարտավորությունների կատարումը. «Առաջին հիմնական փոփոխությունն աշխատողների առողջության և անվտանգության ոլորտում նոր մոտեցումների, կարգավորումների ցուցաբերումն է: Այսօր մենք ունենք կարգավորումներ, որոնք պարտավոր են գործատուները պահպանել»:

Աշխատանքային իրավունքի մասնագետ, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձավ փոփոխությունների հիմնավորումներին և նպատակին. «Նախագիծը կարծես թե պետք է միտված լիներ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողների բեռի թեթևացմանը, այնինչ օրինագծի՝ լրամշակված տարբերակում կա ընդամենը երկու դրույթ, որը վերաբերում է գերփոքր ձեռնարկություններին: Եթե մենք ուզում ենք բիզնես միջավայր զարգացնել, դա չպետք է լինի աշխատողների իրավունքները չարաշահելու և խախտելու հաշվին: Ասում ենք՝ Խարտիային ենք համապատասխանեցնում, բայց նույն Խարտիան ասում է, որ եթե ներպետական օրենսդրությունն ավելի բարենպաստ պայմաններ է սահմանում, Խարտիան սահմանափակում չէ: Թող հստակեցում մտցվի մինչև որ շեմը կարելի է շահագործել աշխատողին: Թող սահմանվի նվազագույն շեմ, որից ներքև գործատուն իրավունք չունի հատուցում տալու իրականության մեջ այն համարձակ աշխատողին, որը կնստի բանակցությունների սեղանի շուրջ»:

ՄԻՊ աշխատակազմի մարդու իրավունքների կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակից Տիգրան Մելքոնյանը մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ում բազմիցս խախտվում են աշխատողների իրավունքները: Նա գովելի համարեց այն, որ նախագծի հիմքում դրվել են միջազգային չափանիշներ և վեր հանվել աշխատանքային օրենսգրքի բացահայտած խնդիրներ: Սակայն մյուս կողմից էլ շեշտեց, որ իրենց համար տեսանելի են կարգավորումներ, որոնք կարող են ռիսկային լինել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Պարոն Մելքոնյանն ասաց. «Սահմանվում է արտաժամյա, գիշերային աշխատանքի համար տրվող հավելավճարի չափի որոշումը՝ կողմերի համաձայնությամբ: Հասկանում ենք՝ սա ինչին է ուղղված, սակայն այդ նպատակին հասնելու համար, նախևառաջ, կան մի շարք խնդիրներ, որոնք լուծում պիտի ստանան»:

Այդ խնդիրների շարքում նա նշեց աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավասու մարմինների՝ ոչ հաճախ կամ ընդհանրապես նրանց մասնակցության բացակայությունը աշխատանքային իրավահարաբերություններին: Ըստ նրա՝ սա ռիսկ է կրում, որ խախտվեն աշխատողների իրավունքները: Մյուս խնդիրն այն է, որ գոյություն չունի արտադատական մարմին, որը կզբաղվի աշխատանքային վեճերով և հսկողություն կիրականացնի ոլորտի վրա:

Թադևոս Ավետիսյանը բարձրացված խնդիրների առիթով արձագանքեց. «Որևէ դրույթ նախագծում չկա, որ հավելումները հանվում են: Որևէ հավելում արտաժամյա, գիշերային և վնասակար պայմաններում աշխատողների համար չի հանվում, ուղղակի կարգավորումը, որը հետխորհրդային է, պետք է փոխվի: Պետությունը գին է թելադրում: Մենք ասում ենք՝ պիտի անցնենք մի իրավիճակի, երբ կողմերն օբյեկտիվ բանակցությունների հիման վրա կգան համաձայնության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031