«Բոլորն էլ ընդունում են, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը յուրահատուկ էր: Այն կարող էր ստորագրվել դեռևս 4 տարի առաջ, եթե ԵՄ-ը համաձայներ ստորագրել այն գոնե քաղաքական մասով: ԵՏՄ անդամ պետության կողմից ԵՄ-ի հետ նման համաձայնագրի ստորագրումն իսկապես կարևոր ձեռքբերում է, մնում է ԵՄ անդամ պետությունները վավերացնեն այդ համաձայնագիրը»,-այսօր «Փաստարկ» ակումբում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով այս տարվա ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ձեռքբերումներին՝ պարոն Մանոյանն ասաց, որ լուրջ տեղաշարժեր չեն արձանագրվել. «Արցախյան հարցի կարգավորման գործընթացը կարելի սառած համարել, թեև ինչ-ինչ գործընթացներ, այնուամենայնիվ, կան, որոնք երաշխիք են, որպեսզի լայնածավալ պատերազմ չվերսկսվի»:
Ինչ վերաբերում է ԼՂ հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի առաջ քաշած մեծ և համապարփակ պայմանագիր մշակելու առաջարկին՝ Կիրո Մանոյանը նկատեց, որ Ադրբեջանը շտապում է իրագործել այդ գաղափարը, որ խոսելու տեղ ունենա. «Որ ասի՝ եթե օրինական փախստականների վերադարձի մասով համաձայնություն կա, եկեք այդ կետն իրագործենք: Բայց հայկական կողմի առավելությունն այն է, որ երեք սկզբունքների հարցով կա համաձայնություն, հարցը ամբողջական մեկ փաթեթ է և պետք չէ սկսել պայմանագրի քննարկում առանձին հարցերի շուրջ: Փաստն այն է, որ Ադրբեջանը չի ուզում լսել Արցախի կարգավիճակի մասին»:
Ըստ նրա՝ պետք է քայլեր ձեռնարկել Արցախի բնակչության թվաքանակի մեծացման ուղղությամբ, նախևառաջ հարկավոր է տնտեսական պայմաններ ստեղծել, որ մարդիկ ընտանիքներով կարողանան տեղափոխվել Արցախ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ