Լրահոս
Օրվա լրահոսը

Էմիլ Տարասյանը՝ ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցների մասին. «Դա հնարավորություն է ՌԴ-ի շուկա մտնելու»

Դեկտեմբեր 15,2017 17:05

Տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը համեմատելով ՀՀ-ի`ԵԱՏՄ-ին ինտեգրումից ցայսօր ընկած ժամանակահատվածն, արձանագրում է, որ այսօր մենք մոտեցել ենք 2014 թվականի մակրոտնտեսական ցուցանիշներին:

ՀԱՊԿ եւ ԵՎՐԱԶԵՍ ակադեմիայի այսօր կազմակերպած քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում փոխնախարարն ասաց, թե հիշում է, երբ 2015-ի հունվարից ուժի մեջ մտավ Հայաստանի ինտեգրման պայմանագիրը`ծանր վիճակ էր, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ էին կիրառվում ու արձանագրեց`այդ ինտեգրման գործընթացից մեր սպասելիքները փոքր-ինչ դանդաղեցին: Բայց 2016 թվականից, ըստ փոխնախարարի, առեւտրաշրջանառության ծավալները եկան այն մակարդակին, ինչ ինտեգրումից առաջ էր ու սկսեցին դրական դինամիկա ուրվագծել: Օրինակ, հիմա, ասում է դեպի ՌԴ եւ Բելառուս արտահանման ծավալները 52 տոկոսով աճել են. «Դա լավ ցուցանիշ է: Ինտեգրման ընթացքում դինամիկան եթե պահպանենք`առաջ կընկնենք 2014 թվականի ցուցանիշներից»:

Փոխնախարարը նշում է`ԵԱՏՄ-ի առանձնահատկությունն այն է, որ այդ միության երկրներ Հայաստանից արտահանվում է պատրաստի արտադրանք, ինչը դրական միտում է մեր տնտեսության համար, արտադրությունը կզարգանա: Արտահանվում է նաեւ պարենային արտադրանք եւ ծխախոտ:

Aravot.am-ի հարցին`ԵԱՏՄ-ում ՀՀ-ի հիմնական գործընկեր ՌԴ-ն շարունակում է մնալ պատժամիջոցների տակ, դրանք ավելանում են եւ Արեւմուտքի հետ հարաբերություններն էլ ավելի սրվում են. հնարավո՞ր է իրավիճակ, երբ մեր սպասելիքներն առհասարակ չիրականանան: «Հայաստանի տնտեսության համար, միգուցե քաղաքականորեն ճիշտ չհնչի, բայց դա հնարավորություն է ՌԴ-ի շուկա մտնելու, որովհետեւ ՌԴ-ում լայնածավալ իրականացվում է ներկրման փոխարինման ծրագիրը: Սա հայկական տնտեսվարող սուբյեկտների համար հնարավորություն է, որպեսզի Հայաստանից իրականացնեն այն ապրանքների արտահանում, որոնցով ՌԴ-ն չի կարողանում ինքնաբավարարել իր շուկան»,- ասաց Էմիլ Տարասյանը`հավելելով, որ Հայաստանի ներուժը մեծ  է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, պարզապես պետք է այդ ներուժը ճիշտ օգտագործել:

Նկատեցինք, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ակտիվ շրջանում հայ արտահանողները բավական խնդիրներ ունեցան, մասնավորաբար, աղմուկ բարձրացած ծիրանի արտահանման հետ կապված: Այս խնդիրները կառավարությունը փորձո՞ւմ է լուծել: Էմիլ Տարասյանն ասաց`ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր քննարկումների ժամանակ առաջնայինը խնդիրներն ու դրանց լուծումներն են: Նկատեց`նաեւ տեխնիկական խոչընդոտներ կան: Այսօր 70-ից ավելի տեխնիկական խոչընդոտ է բացահայտված, որոնք խանգարում են ազատ առեւտրաշրջանառությանը: «Արդեն ժամանակացույցը կազմված է եւ ըստ դրա, ԵԱՏՄ անդամ երկրները կվերացնեն դրանք»,- ասաց փոխնախարարը: Խոչընդոտները վերաբերում են ծագման երկրի սերտիֆիկատին, ֆիտոսանիտարական թույլտվություններին եւ համապատասխան գնահատման սերտիֆիկատներին եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Էմիլ Տարասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031