Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնյակի սպիրտը ներկրում են ՀՀ ու չեն ֆիքսվում որպես կոնյակի սպիրտ, ցույց են տալիս որպես տեղական» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2017 16:58

Այսօր «Փաստարկ» ակումբում տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն անդրադառնալով տնտեսական աճի միտումներին եւ մասնավորապես գյուղատնտեսությանն, ասաց, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարի գյուղատնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 30% աճել է, բայց 2016 եւ 2015 թվականների համեմատությամբ, պարզվում է 2016-ին 30%- ով անկում է արձանագրվել: «Սա անհնար է, որովհետեւ երբ դրանք կապակցում ենք նաեւ շուկայի գների հետ, անցյալ տարի մեզ մոտ համարյա դեֆլյացիա է եղել: Եթե ապրանքների կտրուկ նվազում է եղել, իսկ հիմա ի՞նչ է եղել, չէ, որ գյուղատնտեսական ապրանքների այդպես կտրուկ անկում տեղի չի ունեցել»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտում նման կտրուկ աճի եւ անկման հիմնական գործոնը խաղողագործությունն է եղել. «Ուրեմն, 2016-ին խաղողի արտադրության 60% տոկոս նվազում է եղել: 2012 թվականին խաղողի արտադրությունը կազմել է 240 հազար տոննա, 2013-ին՝ 237 հազար տոննա, 2014-ին՝ 259 հազար տոննա, բայց 2015-ին 306 հազար տոննա, մեկ էլ 2016-ին՝ 174 հազար տոննա: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ է սա նշանակում, այսպիսի կտրուկ անկումը»:

Մեր դիտարկմանը՝ գուցե եղանակային պայմաններն էին պատճառը անկման, տնտեսագետը բացառեց, ասելով՝ «Չի կարող պատահել: Բացատրությունը հետեւյալն է, այս մասին նաեւ Հրանտ Բագրատյանն է ասել, մեզ մոտ ուռճացվում են խաղողի արտադրության թվերը: Իսկ սա կապված է մի հանգամանքի հետ. մենք խաղողը հիմնականում օգտագործում ենք կոնյակ ստանալու համար: ՀՀ օրենքով՝ կոնյակի սպիրտ կարելի է ստանալ միայն տեղում արտադրված խաղողից: Բայց քանի որ կոնյակի մեծ սպառում կար, դրսից բերվում է կոնյակի սպիրտ: Սա իմ ենթադրություններն են: Կոնյակի սպիրտը գալիս է Հայաստան, չի ֆիքսվում որպես կոնյակի սպիրտ, ու տարբեր արտադրողներ ցույց են տալիս, որ իրենք են արտադրել: Այդքան սպիրտ հնարավոր չէր արտադրել, մենք այդքան խաղող չունենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ այդ տարիներին գյուղացիները բողոքի ցույցեր էին անում, պահանջում մթերել արտադրված խաղողը, իսկ մթերողները պնդում էին, որ իրենց պահեստներում դեռ պահանջարկից էլ շատ խաղող կա, տնտեսագետն այսպես արձագանքեց. «Այդ տեսարանները, որ մենք տեսել ենք, դա դեռ չի նշանակում, որ խաղողի արտադրության ծավալները պետք է լինեին 306 հազար, այդ տեսարանների դեպքում, մենք կունենայինք 220-250 հազար տոննա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ տնտեսագետի, առաջիկա տարիներին կոնյակի արտադրության էական կրճատում է լինելու. «ԵԱՏՄ չափանիշներին համապատասխան ռուսական ՝ «Ռոսպոդրեբնադզորը» կգա Հայաստան եւ նա պետք է բոլոր կոնյակ արտադրողներին իրենց համապատասխան սերտիֆիկատ տա: Սա եղել է Վրաստանում 3 տարի առաջ, գինիների դեպքում: Եկող տարի կգան, ու կտեսնենք՝ կոնյակ արտադրողների թիվն էականորեն կկրճատվի, որովհետեւ այս տարի, մեկ ամիս առաջ ՌԴ-ն հայտարարեց, որ չափանիշներին չհամապատասխանող կոնյակներ են արտահանվում Ռուսաստան: Նույնը եղավ պանիրի հետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031