Նախորդ տարում օտարերկրյա զբոսաշրջիկները Արցախում ծախսել են 9 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսին հայտնեց Արցախի մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը` հավելելով, որ Արցախում գործում է 50 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1371 մահճակալով:
«Տարին ամփոփելով կարող ենք ասել, որ նախորդ տարվա համեմատ ունենք 41% զբոսաշրջիկների թվի աճ, ինչը լուրջ ձեռքբերում է: Զբոսաշրջության զարգացումը ամբողջ երկրի զարգացման հետ կապված խնդիր է: Այդ առումով մեր կազմակերպած մշակութային միջոցառումները նպաստելու են զբոսաշրջության զարգացմանը»,- շեշտում է նախարարը:
Գալիք տարում ներդրվելու է զբոսաշրջիկներին շուրջօրյա տեղեկատվական ծառայություններ մատուցելու համակարգ` «Tourist Friends»: Այդ ծառայությունը զբոսաշրջիկներին ամենալայն հնարավորությունները կմատուցի` սկսած տեղեկատվական աջակցությունից մինչև այդ ծառայության աշխատակցի ներկայանալու և օգնելու առկայությամբ: Զբոսաշրջիկը դիմելով ծառայության ներկայացուցչին, վերջինիս կողմից հեռախոսի միջոցով կամ անձամբ աջակցություն է ստանալու: Ծառայությունը գործելու է շուրջօրյա:
Նախարարը նշել է նաև, որ նախատեսվում է, որ գյուղական համայնքներում հիմնվեն զբոսաշրջային հյուրատներ. «Դրանք նախ զբոսաշրջիկներին ընձեռելու են հնարավորություն` ավելի մոտիկից ծանոթանալու մեր երկրի կենցաղին: Բացի այդ, գյուղական համայնքներում ապրող բնակիչներին այս ծրագիրը հնարավորություն կտա զբոսաշրջության աշխուժացման արդյունքում ստանալ եկամուտ»:
Ըստ Ս. Շահվերդյանի, ծրագիրը կկարգավորի հավասարաչափ բաշխում` զբոսաշրջությունից ստացվող եկամուտներում, իսկ գյուղական համայնքների բնակիչներին այս ամենը կշահագրգռի զբաղվել բնության և պատմաճարտարապետական հուշարձանների պահպանությամբ:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ