«Խոսում են 4,3 տնտեսական աճից, ներդրումներից, կասկածելի թվեր են հրապարակում, ԱՎԾ-ն այլ բան է ասում, իրենք այլ, իրական խնդիրների մասին խուսափում են խոսել: ՀՀ-ում տնտեսական աճ եթե կա էլ, պայմանավորված է արտաքին գործոններով»,-այսօր այս մասին «Փաստարկ» ակումբում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսական մոդելն իրեն սպառել է:
«Եթե 2017-ի համար Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումները բավական դրական էին, ավելի լավ քան 2016-ին, երբ տնտեսական աճ չկար, այս տարվա համար 2%, 2,2% աճ էր կանխատեսվում: Իհարկե, ցավոք, վերջում նվազեց, ինչը կանխատեսելի էր, 4 տարի շարունակ Ռուսաստանի քաղաքացիների եկամուտները պակասում են: 2014-ից տրանսֆերտները սկսեցին պակասել: Հայաստանի տնտեսությունն առաջին հերթին կախված է Ռուսաստանի տնտեսության աճից»:
Հայաստանի տնտեսական աճի մյուս գլխավոր գործոնը, եւ ինչպես տնտեսագետն ասաց՝ կախվածությունը, պղնձի միջազգային գներն են: Ըստ այդմ՝ 2016 թվականին պղնձի գինը 4500-4700 դոլար էր, 2017-ին այն հասավ 7000 դոլարի: Այսինքն՝ Հայաստանը պետք է սպասի պղնձի գնին, եւ նայի, թե՝ հիմնական սպառող Չինաստանին պե՞տք է պղինձ, թե՝ ոչ:
Մեր երկրի տնտեսական աճն, ըստ Խաչատրյանի, կախված է նաեւ եղանակային պայմաններից, եւ երբ ձմեռը երկար է լինում, էներգետիկան զարգանում է՝ մեր խնայողությունները ուղղում ենք էներգետիկային եւ տնտեսական արհեստական աճ է ապահովվում. «Այս տարի հիմա ժողովրդի համար բարենպաստ, բայց էներգետիկ ոլորտի համար ոչ բարենպաստ պայմաններ են, ինչի համար ուրախ եմ: Եթե այսպես շարունակվի, Հայաստանի քաղաքացիների դրամական եկամուտներն ավելի արդյունավետ կօգտագործվեն եւ ես չէի ցանկանա նպաստել «Գազպրոմի» կամ ՀՀ-ի էներգետիկայի զարգացմանը, քանի որ այդ խաղի կանոնները, որ թելադրված են, ազնիվ չեն, գները ավելի ցածր պետք է լինեն: Ես լուրջ հիմքեր ունեմ նման հայտարարություն անելու համար, քանի որ 3 տարի շարունակ ՀԱԿ-ը լուրջ ուսումնասիրություն է կատարել այս ոլորտում, գտել անօրինականություններ, ներկայացրել դատախազությանը, բայց ընթացք չի տրվել: Այդ իսկ պատճառով ես ինձ իրավունք եմ վերապահում ասել՝ «Գազպրոմը» մեզ թալանում է: Վճարում ենք բավական թանկ ու չգիտես՝ ինչո՞ւ դրա մասին չեն խոսում»:
Ըստ Խաչատրյանի, ՀՀ քաղաքացիները գնալով ավելի քիչ գումար են ծախսում սննդի վրա, եւ սա բացասական երեւույթ է. «Եթե 2016 թվականին 42% է ՀՀ քաղաքացին ծախսել սննդի վրա, 2014-ին այն կազմել է 56%: Իհարկե զարգացած երկրներում ընդունված է, որ մարդիկ սննդի վրա քիչ ծախսեն, բայց մեզ մոտ սննդի վրա միշտ էլ ծախսերը մեծ են եղել: Եթե 2014-ին սպառողական ծախսերի մեջ կոմունալ ծախսերը կազմել են 6%, ապա 2016-ին դրանք հասել են՝ 14%-ի: 2.5 անգամ աճել է, այսպիսի աճ որեւէ երկրում չի եղել: Այսինքն՝ թե ինչպիսին կլինի ձմեռը, դրանից է կախված տնտեսական աճ կունենանք, թե՝ ոչ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ