Մշակույթը բնակչության բոլոր խավերին հասանելի դարձնելու ուղղությամբ վերջին տարիներին բավական մեծ աշխատանքներ են կատարվել: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: «Մեր ստեղծագործական կոլեկտիվները կանոնավոր շրջայցեր են կազմակերպել շրջկենտրոններ և գյուղեր: Մենք պարզապես շատ ավելի ուշադիր պետք է լինենք այդ հարցում` նկատի առնելով սահմանամերձ և վերաբնակեցված գոտիների բնակչությանը»,- նշում է նախարարը:
Ըստ նրա՝ մշակութային քաղաքականության մեջ պետք է փորձել հավասար ֆինանսավորում և հնարավորություններ ապահովել մշակութային տարբեր ժանրեր ներկայացնող ստեղծագործական կոլեկտիվներին` ինքնադրսևորվելու համար:
«Մենք նաև հաջորդ տարվա բյուջեի մեջ նախատեսել ենք բավականին գումարներ, որպեսզի նյութատեխնիկական բազայով ապահովենք նաև մի շարք համույթների: Մշակութային քաղաքականության հիմքում դրված է դասական մշակույթը: Մենք պետք է փորձենք դասական մշակույթը դարձնել հասանելի, ինչը բավականին դժվար գործ է»,- նկատում է Ս. Շահվերդյանը:
Խոսելով շրջանային արվեստի դպրոցների մասին՝ նախարարը նշում է, որ դրանց հիմնումը մեծ ձեռքբերում է մեր երկրի համար. «Արվեստի դպրոցները հնարավոր դարձրեց շրջանների բնակչության ուղղակի առնչվելու մշակույթի հետ, մշակութային կրթություն ու դաստիրակություն ստանալու համար և այս ծրագիրը մենք պետք է շարունակենք ընդլայնել»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ