Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էռնեկյանի «Կարաս Վայն» ընդդեմ գինեգործների գինու շշի պիտակի վրա նշված «կարաս» բառի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2017 15:13

«Կարաս Վայն» ընկերությունը` նույն ինքը «Տիեռաս դե Արմենիան», որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, դատի է տվել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը` «Սակի եւ սանս» ընկերության գինու պիտակին կարաս բառը թույլատրելու համար: Գինի արտադրող այս ընկերությունը պիտակին նշել է, որ իր գինին կարասի է, այսինքն` հնեցված է կարասում: «Կարաս Վայն»-ը համարում է, որ խախտվել են իր իրավունքները եւ սպառողները մոլորության մեջ կընկնեն` պիտակին կարդալով կարաս բառը: «Կարաս Վայն»-ը պահանջում է՝ ոչ մի դեպքում այդ բառը պիտակին չգործածել:

Այսօր «Տեսակետ» ակումբում գինեգործական 5-6 ընկերությունների ղեկավարներ, որոնք նաեւ զբաղվում են գինու արտահանմամբ` եվրոպական եւ աշխարհի այլ երկրներ, մտահոգություն հայտնեցին, որ «Կարաս Վայն»-ն իր պահանջով ցանկանում է ոլորտում մենաշնորհ ստեղծել:

«Սակի եւ սանս» ընկերության տնօրեն Զորիկ Ղարիբյանը, որը սփյուռքահայ գործարար է եւ արդեն 15 տարի է՝ մեր երկրում զբաղվում է գինեգործությամբ եւ արտահանմամբ, ասում է` խնդիրը հայաստանյան բոլոր գինեգործներին է վերաբերում եւ բոլոր նրանք, որոնք կարասի մեջ են գինին պահում եւ վաճառում, բախվելու են այդ խնդրին, քանի որ պիտակին բոլորն էլ նշում են, որ գինին կարասի է: Ըստ նրա, Հայաստան է մտել մի հզոր ընկերություն, որը նույնիսկ կարասում չէ իր գինին պահում եւ մյուսներից պահանջում է պիտակից հանել այդ բառը:
Մանրամասները` տեսանյութում

«Վան-Սեւան» ընկերության հիմնադիր Ալինա Մկրտչյանի խոսքով, իրենք պարտավոր են պիտակի վրա սպառողին պատշաճ տեղեկատվություն տալ, իսկ կարասի մեջ պատրաստված լինելու հանգամանքը սպառողի համար կարեւոր տեղեկություն է: Բացի այդ, ըստ տիկին Մկրտչյանի, կարասի մեջ պատրաստված լինելու փաստը, եթե չնշվի պիտակի վրա, ապա արտերկրում դժվար կլինի հայկական գինին գովազդել. «Մենք պետք է այդ գործիքն օգտագործենք, քանի որ մինչեւ հիմի որքան հոդվածներ կան գրված հայկական գինու մասին, նշվում է, որ հայկական գինին պատրաստվում է կարասների մեջ: Չի կարող այնպես լինել, որ մի ընկերություն դա օգտագործի, դա իրավաբանորեն շատ սխալ է»:

Ինչպես ասաց պարոն Ղարիբյանը, դատարանի առաջին ատյանը վճիռ է կայացրել հօգուտ «Կարաս Վայն» ընկերության` պահանջելով «կարաս» բառը հանել պիտակից: Սակայն, ըստ պարոն Ղարիբյանի, դատարանն անգամ փորձաքննություն չի կատարել կամ հարցը մասնագետների օգնությամբ փորձել պարզել: Առաջին ատյանի վճիռը բողոքարկվել է Վերաքննիչում:

Ըստ ասուլիսի մասնակիցների, կարասի գինին, դա տեխնոլոգիա է, իսկ տեխնոլոգիան չի կարելի գրանցել, այն բոլոր արտադրողներն էլ օգտագործում են:

Ասուլիսին ներկա հնագետ, ազգագրագետ Բորիս Գասպարյանի խոսքով, համամարդկային արժեքներ կան, որոնք միայն հայ ժողովրդինը չեն. «Հայ ժողովուրդը չէ միայն կարասի գինու հեղինակը: Հին աշխարհի բազմաթիվ քաղաքակրթություններ են այն օգտագործել: Իհարկե, հայ ժողովուրդն ունի իր ուրույն տեղը եւ վերցնել եւ դա տալ մեկին, ճիշտ չէ, դե օդն էլ տանք մեկին, էլ չշնչենք: Շատ մեծ հարված կլինի մեր գինեգործությանը արտերկրում, այս վեճի պատճառով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031