Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խաչատրյանի փառատոները միշտ բարձր մակարդակի են». երաժշտագետ

Դեկտեմբեր 15,2017 14:32

Դեկտեմբերի 11-ին ամփոփվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Այն իր հետաքրքիր համերգային ծրագրերով, ճանաչված մենակատարներով երկու ամիս շարունակ հագեցած երեկոներ պարգևեց դասական երաժշտության սիրահարներին։ Խաչատրյանի փառատոնը մեծ ճանաչում է ստացել նաև միջազգային երաժշտական աշխարհում։ Փակման գալա համերգն ուղիղ եթերում հեռարձակեց աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ն։

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարինե Ջաղացպանյանը, խոսելով խաչատրյանական փառատոնի մասին, նշեց, որ արդեն 5-րդ տարին անցկացվող Խաչատրյանի փառատոները միշտ բարձր մակարդակի են՝ մեծաթիվ հանդիսատեսով և ամենակարևորը՝ երիտասարդ ունկնդիրներով։ Ըստ երաժշտագետի՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պատշաճ կազմակերպում և անցկացնում են երաժշտական այս տոնը։

Տիկին Ջաղացպանյանը նշում է, որ փառատոները երաժշտական կյանքն ակտիվ են պահում, դրանք նաև դաստիարակչական նշանակություն ունեն. հանրությունը հաղորդակից է լինում բարձր արվեստին։ «Խաչատրյանը աշխարհահռչակ երաժիշտ է, և նրա անունը կրող փառատոնը չէր կարող մակերեսային մակարդակ ունենալ կամ ներգրավել մակերեսային կատարողների։ Այդ տեսակետից կազմակերպիչներն ու երաժիշտները միշտ փորձում են փառատոնի շրջանակներում մոտենալ Խաչատրյան մեծությանը»,- ասաց տիկին Ջաղացպանյանը։

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ժաննա Զուրաբյանի կարծիքով էլ՝ Խաչատրյանի միջազգային փառատոնը դրական երևույթ է մեր երաժշտական կյանքում։ Խաչատրյանական փառատոնը խոսում է մեր ժողովրդի, մեր ազգի գնահատանքի մասին՝ ուղղված կոմպոզիտորին։ «Խաչատրյանի մեծությունն աստիճանաբար է՜լ ավելի խորապես է գիտակցվում երաժշտասեր հասարակայնության, մասնագետների կողմից։ Տարբեր ժամանակներում տարբեր գնահատականներ են լինում նման մեծություններին։ Սակայն մեծությունները մեծանում և խոշորանում են ժամանակի մեջ։ Խաչատրյանը հանճարին բնորոշ բնականությամբ իր երաժշտության մեջ կարողացել է ներառել 20-րդ դարի երաժշտության ամենավառ կողմերը։ Հատկանշական է, որ Խաչատրյանի փառատոնում 3-րդ անգամ անցկացվում է «Խաչատրյանը և ջազը» նախագիծը։ Սա խոսում է այն մասին, որ նրա երաժշտության մեջ, բացի գեղջկական, գուսանաաշուղական, քաղաքային ֆոլկլորից, արմատներից, նկատելիորեն դրսևորվում են նաև ջազային երաժշտության տարրեր, ինչը նրա ժամանակի համար նոր երևույթ էր»։

Ըստ տիկին Զուրաբյանի՝ փառատոնի կազմակերպական ընդգրկումները շատ սոլիդ են. «Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը փառատոնի շրջանակներում ամենասերտ գործակցությունն է բերել մեր երաժշտական այլ կոլեկտիվների հետ։ Շատ ողջունելի է, և պետք է միայն առաջընթաց ու շարունակականություն մաղթել փառատոնին։ Պետք է ցանկանանք մեր երիտասարդ կատարող ուժերին այդքան գեղեցիկ, հաճելի և հուզիչ իրենց ազգային արմատների զգացողությամբ դրսևորումների շարունակություն»։

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031