Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կոնտրո՞լ» անել ՊՆ-ին, թե՞ համագործակցել. Քննարկում՝ ԱԺ-ում

Դեկտեմբեր 15,2017 14:28

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միջազգային սեմինար էր կազմակերպել՝ Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմայով:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը իր զեկույցում հայտնի ասացվածքը հիշեցրեց. «Իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է ամբողջովին: Աշխարհում գոյություն չի կարող ունենալ ազնիվ կառավարություն, բայց հնարավորություն կա կառավարությանը զսպել: Կառավարությունները չեն փչանա, եթե դրանց հետեւում են: Եթե կառավարությանը հետեւում են, գիտակցում է, որ ՀԿ-ները, խորհրդարանական վերահսկողության ինստիտուտները, մամուլը, դատական իշխանությունները միշտ էլ կգան այն խնդրին, որ եղածը կկարգավորվի, մեղավորները կպատժվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան ինստիտուտներ կարողանանք ձեւավորել: Եթե իշխանությունները չիմանան, որ իրենց կարող են պատժել, միշտ էլ ունենալու ենք մեծ խնդիր»:

Պետք է նախ թափանցիկությունն ապահովել: Ըստ Թեւան Պողոսյանի, ՀՀ-ում այդ առումով օրենսդրական դաշտն է փոխվում, երկար չարչարվելուց հետո հնարավոր է գտնել ցանկացած տեղեկություն, բայց հաշվետվության ինստիտուտներ են պետք: Նրա խոսքով՝ թափանցիկության մեջ պրոբլեմ է հետեւողականությունը. «Մենք միշտ հարձակվում ենք սկզբում, ուզում ենք խնդիրը լուծվի, բայց հետեւողական չենք»:

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ավագ պաշտպանության ծառայող Դեյվիդ Հովարդը ներկայացրեց բրիտանական փորձը՝ խորհրդարանական վերահսկողության: Նա ասաց, որ կան բաներ, որ իրենց օրենքով,, Սահմանադրությամբ ամրագրված չէ, բայց արդեն տարիների փորձն է իրենը թելադրում. «Խորհրդարանը հնարավորություն չունի միջամտելու ԶՈՒ օպերատիվ միջոցառումներին, բայց հնարավորություն ունի վերահսկել, թե կառավարությունն ինչպես է դա անում, ինչպես է միջոցները, ռեսուրսները ծախսում: Միացյալ Թագավորությունում ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը կոչվում է Նորին մեծության պաշտոնական ընդդիմություն, նրանք իրավունք ունեն հարցեր տալ կառավարությանը, պարզել՝ ինչպես է իրականացնում գործադիրի իր գործառույթները»:

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարցրեց. «Պլանավորո՞ւմ եք Սահմանադրական փոփոխություններից հետո գոնե հանդիպում ունենալ ՊՆ-ի այն բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք նշանակվում են: Հանդիպում, ծանոթանալ ինչ մտքեր ունի, ինչ փորձառություն»: Նահապետյանը պատասխանեց, որ մտադիր են հրավերներ ուղարկել ԶՈՒ-ի գլխավոր շտաբին, ունենալ առավել գործնական քննարկումներ:

Ստեփան Գրիգորյանը հարցրեց, թե ինչ խմորումներ կան հանձնաժողովում, տարաձայնություններ՝ այս կամ այն հարցի հետ կապված: Կորյուն Նահապետյանը նշեց, որ «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագծի քննարկման ժամանակ անգամ նույն խմբակցության անդամները տարբեր դիրքորոշում են ունեցել, բուռն քննարկումներ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցրեց՝ «ԱՄՆ-ի նման հզոր երկրում ինձ թվում է՝ քաղաքական համակարգն ավելի փոքր ազդեցություն ունի պաշտպանական համակարգի վրա: Այդ վերահսկողությունը ես ուզում եմ իմաստավորված տեսնել, ի՞նչ անենք, որ չխանգարենք պաշտպանական համակարգի արդյունավետությանը»: Թեւան Պողոսյանն էլ ի պատասխան ասաց, որ ռուսերենից կոնտրոլ բառը չպետք է թարգմանել եւ այդպես մոտենալ հարցին, այլ պետք է համագործակցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031