Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Լատվիա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը:
Դեկտեմբերի 15-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Լատվիայի խորհրդարանի եվրոպական հարցերով կոմիտեի նախագահ Լոլիտա Չիգանի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու քաղաքական երկխոսությունը ԵՄ երկրների հետ: Անդրադառնալով նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա նշել է, որ փաստաթուղթն ուղենշում է ՀՀ-ԵՄ փոխգործակցության նշանակալի զարգացումներն ու քայլերը՝ հավաստելով, որ Հայաստանը շարունակելու է ընթանալ ժողովրդավարության զարգացման ուղիով: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Լատվիան սեղմ ժամկետում կվավերացնի համաձայնագիրը:
Խոսելով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը վերահաստատել է հայկական կողմի՝ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու դիրքորոշումը եւ հավելել. «Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն անբեկանելի է»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային հարթակներում խորհրդարանականների փոխգործակցությանը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը նշել է. «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ակնկալում ենք լատվիական կողմի հավասարակշռված դիրքորոշումը, որը չի հակասի Մինսկի խմբի եւ Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը»:
Հանդիպմանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն