Արցախի մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, հանդես գալով մամուլի ասուլիսով, ներկայացրել է ամանորյա տոնական միջոցառումների ծրագիրը:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հիմնվելու է ամանորյա քաղաք` Կաղանդավան: «Նախատեսվում է տեղադրել 16 տնակներ, որոնցում վաճառվելու են հուշանվերներ, ամանորյա խաղալիքներ` պատրաստված սահմանամերձ գյուղերի բնակիչների, մանկատան սաների և դպրոցական երեխաների կողմից: Տաղավարներից մեկում երեխաները հնարավորություն կունենան հմուտ ուսուցիչների օգնությամբ պատրաստել ամանորյա խաղալիքներ: Բացի այդ կլինեն հանրային սննդի կետեր, ինչպես նաև Կաղանդ Պապի տնակը, որտեղ երեխաները կկարողանան շփվել նրա հետ»,- ներկայացնում է նախարարը:
Նրա խոսքով ամանորյա քաղաքը ապրելու է ուրույն մշակութային կյանքով: Երեխաների համար կազմակերպվելու են տիկնիկային թատրոնի ներկայացումներ են, ինչպես նաև այլ մշակութային ծրագրեր: Կաղանդավանի բացումը նախատեսված է դեկտեմբերի 18-ին, որը կսկսվի տոնական մեծ շքերթով:
Ամանորյա քաղաքը իր բնականոն գործունեությունը կշարունակի մինչև դեկտեմբերի 31-ը, որը կեզրափակվի ավանդական ամանորյա համերգով, որին բացի արցախյան ստեղծագործական կոլեկտիվներից, հանդես կգա նաև «Capital Cities» ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբուն:
«Սովորաբար մենք մեր տոնական միջոցառումները սպառված ենք համարում դեկտեմբերի 31-ին և ինչ-որ տեղ Սուրբ Ծննդյան տոնը մնում է Նոր տարվա տոնի ստվերի տակ: Նկատի առնելով այս հանգամանքը, մենք հնարավորություն գտանք Սուրբ Ծննդյան համերգ կազմակերպել նաև հունվարի 6-ին,- նշում է Ս. Շահվերդյան և հավելում,- մենք փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր հանրությունը ավելի շատ հնարավորություն ունենա տոնական օրերին շփվելու մշակույթի հետ և մեր խնդիրն է այդ ամենը կազմակերպել ամենաբարձր մակարդակով»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ