Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանն ասել է՝ հեռուստաաշտարակի գրավման ժամանակ օգնության են գալու լրացուցիչ ուժեր». նախաքննական ցուցմունք

Դեկտեմբեր 15,2017 13:49

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր հրապարակվեց ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ մեղադրող-դատախազները հակասություններ տեսան դրա եւ դատարանում այսօր տված ցուցմունքի միջեւ:

Այսպես, նախաքննական ցուցմունքում Գալուստ Գրիգորյանն ասել է. «2015թ. Հովհաննես Պետրոսյանը մեզ ասել էր, որ Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում է հեղաշրջում կատարել, ես ու Ներսես Պողոսյանն էլ, դժգոհ լինելով իշխանություններից, որոշել էինք մասնակցել հեղաշրջմանը: Ես եւ Հովհաննեսն անգամ մեկ անգամ ուսումնասիրեցինք Հանրային հեռուստատեսության հեռուստաաշտարակը, որը, ինչպես Հովհաննեսն էր ասել, պետք է գրավվեր դեկտեմբերի մեկին: Սեֆիլյանը Հովիկին ասել էր, որ մեր նման էլի հայրենասերներ կան եւ հեռուստաաշտարակի գրավման ժամանակ օգնության են գալու լրացուցիչ ուժեր: Իսկ թե ինչ ուժերի մասին է խոսքը, չի ասել: Հովիկը նկատեց աշտարակի հարեւանությամբ կառուցվող շինությունը եւ ասաց, որ այն դիպուկահարի համար լավ դիրք է»:

Գալուստ Գրիգորյանը նշել է՝ ինչպես Հովհաննես Պետրոսյանն է ասել՝ երկու ինքնաձիգերը եւ փամփուշտները հեղաշրջման նպատակով տրամադրել է Սեֆիլյանը. «Նա նաեւ ուրիշի միջոցով գումար էր փոխանցել, որ մեքենա վարձեինք եւ գնայինք հեռուստաաշտարակի մոտ՝ դեկտեմբերի մեկին: Վարձեցինք, գնացինք վարձակալած բնակարան: Աշտարակը գրավելու հստակ պլան չկար, եւ մենք չգիտեինք, թե ինչ հսկողություն կա աշտարակի մոտ, կամ որդյոք այն հսկվո՞ւմ է: Հովիկի փոխանցմամբ՝ Սեֆիլյանն ասել էր, որ մեր գործողությունները երեկոյան պետք է սկսեին: Բայց այդպես էլ վարձակալած բնակարանում Հովիկը ոչ մի զանգ չստացավ:

Գիշերը ես, Հովիկը, Ներսես Պողոսյանը մնացինք այդտեղ սպասելով, բայց ոչ մի գործողություն տեղի չունեցավ: Հովիկին ոչ մի հրահանգ այդպես էլ չտրվեց, մենք էլ գնացինք տներով: Հովիկն ասում էր, թե Սեֆիլյանը փոխանցել է՝ «ամեն ինչ առջեւում է, սպասեք», բայց մենք արդեն հիասթափվել էինք:

Զարմացանք, թե ինչու տեղի չունեցավ նախատեսվածը: Մտածեցինք՝ անլուրջ է…Դեկտեմբերի մեկի գիշերը երեքով զենքերը տեղափոխեցինք բնակարան, հետո՝ հունվարին, ծանոթիս առանձնատուն»:

Հետո, ինչպես Գալուստ Գրիգորյանն է նշել նախաքննական ցուցմունքում, Հովհաննես Պետրոսյանը կրկին փոխանցել է Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը՝ «մայիսին հեղաշրջում է նախապատրաստվում»: Գալուստ Գրիգորյանն էլ ասել է. «Ես ու Ներսեսը ասեցինք, որ Սեֆիլյանին փոխանցի՝ էլ չենք ուզում… սահմանին լարված է, իսկ նման պարագայում հեղաշրջում անելը դավաճանություն է»:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031