Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ գեներալ Մանվելն ու Սարոյանը գիտե՞ն, որ Կորյուն Նահապետյանն ուզում է զարգացնել նրանց գործնական հմտությունները

Դեկտեմբեր 15,2017 13:47

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միջազգային սեմինար էր կազմակերպել՝ «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմայով:

Իր զեկույցում հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ վերջին 5 տարիներին արձանագրել ենք ՊՆ ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության ավելացում:

Թեպետ այսօր ԱԺ-ն ունի բոլոր գործիքները՝ ԶՈՒ նկատմամբ խորհրդարանական վերահսկողության համար, չափազանց կարեւոր է գիտակցված հաշվետվողականության ցուցաբերումը: Ինչու պետք է ԶՈՒ-ն շահագրգռված լինի հաշվետու լինել խորհրդարանին, ըստ պարոն Նահապետյանի, դա իրենց շահերից է բխում: Նա նշեց, որ ԶՈՒ նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը չի փոխարինելու ՊՆ քաղաքացիական վերահսկողությանը, դա չի ենթադրում ԶՈՒ-ի օպերատիվ գործողությանը միջամտություն:

Դա միտված է լինելու միջոցների նպատակային օգտագործմանը՝ մարդկային եւ նյութական առումով: Նահապետյանը նշեց, որ նախորդ գումարման ԱԺ-ում հետեւողականորեն աշխատել են ՊՆ-ի, ԶՈՒ գլխավոր շտաբի հետ. «Ներկայումս պետական կառավարման հատվածում դեռեւս ամբողջական չէ պատկերացումը խորհրդարանի դերի վերաբերյալ»: Նա խոսեց պետական մարմինների միջեւ փոխգործակցության ավելացման անհրաժեշտության մասին, կարեւորեց ՊՆ-ի ներքին աուդիտի, Հաշվեքննիչ պալատի կայացումը: Կորյուն Նահապետյանն ասաց, որ ՊՆ-ի գնումներում, բյուջետային ծախսերի նկատմամբ վերահսկողությունը ենթադրում է մի քանի գործիքների կիրառում:

Նա ընդգծեց, որ իրենց հանձնաժողովին անհրաժեշտ են միջոցներ, բավարար բյուջե, որ կարողանան գործառույթներն իրականացնել պատշաճ. «Խորհրդարանի դերի բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ է զարգացնել հանձնաժողովի անդամների գործնական հմտությունները, ամրապնդել, բարելավել, հանձնաժողովի քարտուղարության կարողությունները»:

Ուշագրավ է, որ այս հանձնաժողովի 11 անդամներից սեմինարին մասնակցում էր ընդամենը 6 -ը: Գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Միհրան Պողոսյանը, Սասուն Միքայելյանը չէին եկել: Մանվել Գրիգորյանն ու Սարոյանը այս գումարման ԱԺ-ում այս հանձնաժողովի նիստերին դեռ գեթ մեկ անգամ չեն մասնակցել, որեւէ քննարկմանը չեն եղել:

Ուստի Aravot.am-ը Կորյուն Նահապետյանին հարցրեց, թե ինչքանո՞վ հանձնաժողովի այդ բացակա անդամներին կհետաքրքրեն իրենց գործնական հմտությունների զարգացումը, երբ չեն եկել սեմինարին անգամ: Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ բավականին ներկայանալի կազմ կա սեմինարին. «Միջազգային սեմինարի համար կարծում եմ բավականին ներկայանալի կազմ է եւ շատ ուրախ եմ, գոհ եմ, որ հանձնաժողովի անդամները հետաքրքրված են, եկել են»:

Ըստ Կորյուն Նահապետյանի, երբ հարցնում ենք գեներալների մասին, կարծես թիրախ ենք ընտրում հանձնաժողովի անդամների շրջանակից. «6 անդամի մասնակցությունը, անգամ եթե ավելի պակաս լիներ, միեւնույն է, մենք պետք է փաստենք, որ կա բավականին մեծ հետաքրքրվածություն՝ այս միջազգային սեմինարի հետ կապված, որովհետեւ բացի հանձնաժողովի անդամներից նաեւ այլ պատգամավորներ են մասնակցում, ավելի քան 15 պատգամավոր է մասնակցում, սա աննախադեպ է այդ իմաստով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031