Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. մեր միավորված սրտերն ու ցանկությունները իրականություն կդարձնեն այն երազանքը, որը կոչվում է՝ «Գրեմմի»-ի մրցանակը մեր սիրելի մաեստրոներին

Դեկտեմբեր 15,2017 13:24

Նախարար Արմեն Ամիրյանի հրավերով Օպերային թատրոնի ճեմասրահում երեկ ընդունելություն էր: Առիթը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացնելը:

Միջոցառմանը ներկա էին հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մշակույթի ու քաղաքական գործիչներ:

«Այսօր ուրախալի ու բացառիկ առիթ է մեր սրտի խոսքը, ջերմությունը, հարգանքն ու խոնարհումը փոխանցելու մեր սիրելի մաեստրոներին՝ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին, մարդիկ, որոնք ճակատագրի բերումով ծնվել են արտասահմանում, բայց գիտակցությամբ ու հոգու կանչով վերադարձել են հայրենիք և զբաղվում են իրենց սիրելի գործով, ստեղծում և արարում են երաժշտության հրաշքը։ Աստված նրանց շռայլորեն շնորհել է արվեստի գենը»։

Ներկաներին ուղղված իր խոսքում նախարար Ամիրյանը նաև հավելեց, որ «Գրեմմի»-ի արժանացած հայազգի արվեստագետների ցանկն ուսումնասիրելիս, ծնվեց խելահեղ մի գաղափար՝ երևանյան օպերային թատրոնի կամարների ներքո, հրաշալի մի համերգային նախագծում միավորել «Գրեմմի»-ի արժանացած բոլոր հայ երաժիշտներին՝ դրախտավայր Հայաստանից խաղաղության, սիրո պատգամ փոխանցելով աշխարհին։

Նյու Յորքում 2018-ի հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի»-ի 60-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներկայացված է Հայաստանը, այն էլ՝ երկու արվեստագետներով։ Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար:
«Մրցանակաբաշխությանն առաջադրվելու լուրը ստացվեց այն օրը, երբ Մոսկվայում հրաժեշտ տվեցինք Դմիտրի Խվորոստովսկուն։ Չափազանց ցավալի մի իրավիճակ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին, լսել էին նրա երգերը։ Այս ստեղծագործությունը Խվորոստովսկու համար չափազանց կարևոր էր, և ձայնագրությունն արվել է այն ժամանակ, երբ նա արդեն հիվանդ էր։ Ուրախ եմ, որ հասցրեցինք դա անել, և ստեղծագործությունը գնահատվեց մեր գործընկերների կողմից։ Հուսանք ու սպասենք, թե ինչ կլինի հունվարի 28-ին»,-ասաց մաեստրո Օրբելյանը՝ միաժամանակ շնորհավորելով իր «բախտակցին»՝ Տիգրան Մանսուրյանին` նշելով, որ վերջինի կողքին «Գրեմմի»-ի թեկնածուների ցանկում հայտնվելը չափազանց հուզիչ է։ Մաեստրոյի բնորոշմամբ, հայկական դրոշի ու հայ մշակույթի համար սա հրաշալի իրադարձություն է։

«Ուզում եմ շնորհավորել Կոնստանտին Օրբելյանին, որը Հայաստան գալով, բերեց նաև իրեն ուղղված այդ պարգևը, որն, այնուամենայնիվ, բոլորինս է, Օպերային թատրոնինն ու հայ երաժշտությանը»,-ասաց իր իսկ բնորոշմամբ՝ «Գրեմմի»-ի նախադռանը հայտնված երկրորդ թեկնածուն՝ Տիգրան Մանսուրյանը։ Նա «Գրեմմի»-ի նախադռանն է արդեն երկրորդ անգամ։

«Դա 2004 թվականին էր, ես ներկայացված էի ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի հետ։ Եվ նա՛ չստացավ «Գրեմմի», և ե՛ս։ Դա հեշտությամբ կարող է պատահել նաև այս անգամ, չնայած ցանկալի է, որ լինի։ Քիմ Քաշքաշյանը «Գրեմմի»-ի արժանացավ մեկ այլ առիթով, ինչի համար շատ ուրախ եմ։ Եթե մեր թիմը ավելանա, լավ կլինի»,-նկատեց Մաեստրոն։

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:

Առաջիկա մրցանակաբաշխությանը մաեստրոներին հաջողություն մաղթեցին ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները, իսկ մշակույթի նախարարն իր խոսքն ամփոփեց այսպես․
«Այժմ մեզ մնում է միավորել մեր սրտերն ու հոգիները և սպասել հունվարի 28-ին, «Գրեմմի»-ի 60-րդ մրցանակաբաշխությանը՝ հուսալով, որ մեր միավորված սրտերն ու ցանկությունները իրականություն կդարձնեն այն երազանքը, որը կոչվում է՝ «Գրեմմի»-ի մրցանակը մեր սիրելի մաեստրոներին»։

ՀՀ Մշակույթի նախարարության հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031