«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր հարցաքննվեց մեղադրյալներից Գալուստ Գրիգորյանը. նա մեղադրվում է այն բանում, որ Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված եւ զինված-կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն, ռազմամթերք՝ նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ:
Նա դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին հայտնեց՝ ընդունում է զենքի փոխադրման առնչությամբ առաջադրված մեղադրանքը, իսկ ահա մնացածն իր համար հասկանալի չէ: «Զենքեր եղել են, ես դրանք պահել եմ ինձ պատկանող առանձնատան տարածքում, որտեղից հետո հանել եմ դրանք: Բայց որ ասում են՝ «զինված խումբ», դա հեքիաթ է…ոչ լսել եմ նման բան, ոչ էլ դրա անդամ եմ եղել»,-ասաց ամբաստանյալը:
Նա տեղեկացրեց, որ երկու ինքնաձիգները եւ փամփուշտներն իրեն փոխանցել է ընկերը՝ գործով մյուս ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը. «Խնդրեց պահել, ես էլ չմերժեցի: Թե ինչ զենքեր էին, չգիտեմ, զենքից չեմ հասկանում: Հետո որոշեցի զենքերը տեղափոխել, որովհետեւ խանգարում էին: Հովհաննեսը դրանք հետո վերցրեց Արթուրի տնից»:
Գալուստ Գրիգորյանը տեղեկություններ չուներ այն մասին, որ գործով մյուս ամբաստանյալներ Գեւորգ Սաֆարյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը զանգվածային անկարգություններ են նախապատրաստել. «Գեւորգ Սաֆարյանին ընդհանրապես չեմ ճանաչել, իսկ Սեֆիլյանին ճանաչել եմ հեռուստացույցից՝ որպես Արցախյան ազատամարտի մասնակից-հերոսի»:
Մեղադրյալին նաեւ հայտնի չէին տվյալներ այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանը նախապատրաստվել է հեռուստաաշտարակ գրավել:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Հովհաննես Պետրոսյանը հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերադարձնելու ժամանակ, ենթարկվել է ավտովթարի, որի հետեւանքով էլ նա, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը բացահայտվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Հիշեցնենք նաեւ, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ