Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Vae victis կամ՝ Վայ պարտվածներին

Դեկտեմբեր 15,2017 13:45

Մենք հաճախ ենք կրկնում եւ հաճախ ենք լսում, որ աշխարհը փոխվում է եւ փոխվում է շատ արագ: Գիտատեխնիկական առաջընթացը, հեղափոխական նորարարությունները, տնտեսության համաշխարհայնացումը, տեղեկատվական հոսքերի ուժգնացումը, փոխադրումային նոր ուղիների կառուցումը հանգեցնում են նրան, որ աշխարհը փոքրանում է նաեւ ժամանակի եւ տարածության մեջ: Այս դարաշրջանը իր հետ բերում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ ստեղծում նոր մարտահրավերներ, եւ երկրներից է կախված, թե ինչպես կառերեսվեն նրանք այս նոր իրականությանը:
Այդ նոր իրականությունը, սակայն, դեռ չի հեղաշրջել միջազգային հարաբերությունների էությունը: Մարդկության պատմության ընթացքը դիտարկելիս մենք տեսնում ենք, որ նրա տրամաբանությունը թեպետ կրում է այս կամ այն դարաշրջանի հնարավորությունների ազդեցությունը, սակայն գրեթե չի փոխում իր խորքային իմաստը, հատկապես մեր տարածաշրջանում: Մենք՝ հայերս, շարունակում ենք պայքարել Հայկական բարձրավանդակում սեփական պետություն ունենալու, զարգացնելու եւ այդ պետության տարածքում արժանապատիվ եւ ապահով կյանքի համար, ճիշտ այնպես, ինչպես անում էին մեր նախնիները սրանից 2500, 1000 կամ 100 տարի առաջ:

Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված եւ սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո վերաձեւավորված միջազգային ինստիտուտների համակարգն այսօր կանգնած է լուրջ փոփոխությունների նախաշեմին: Հիմնական միջազգային կառույցները պետք է գործուն քայլեր ձեռնարկեն իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու եւ դինամիկ աշխարհին իրենց համարժեքությունը ընդգծելու տեսանկյունից:
Արտաքին հարաբերություններում, բացի ավանդական սուբյեկտ հանդիսացող պետություններից, լրջագույն դերակատարություն են ստանձնում նաեւ ոչ պետական կառույցները՝ միջազգային հասարակական կազմակերպությունները, համաշխարհային համբավ ունեցող լրատվական միջոցները, ֆինանսատնտեսական անդրազգային կորպորացիաները, կրոնական համայնքները: Այս իրողությունը մեր դիվանագիտությունից պահանջում է ավելի բազմաշերտ եւ թիրախային գործողություններ:

Աշխարհը դառնում է առավել ասիմետրիկ, ինչը մի կողմից՝ գցում է իր կանխատեսելիության մակարդակը եւ մեծացնում էնթրոպիան, մյուս կողմից՝ հատկապես փոքր դերակատարներին տալիս է հնարավորություններ արտաքին քաղաքական նոր տարածություններ եւ ծավալներ ստեղծելու համար: Պատահական չէ, որ մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում է հայտնվում, այսպես կոչված, «Խելացի ուժի» («Smart power») հայեցակարգը:

Այս եւ մի շարք այլ իրողություններ հաշվի առնելով՝ ուժեղ, կայուն եւ երկարակյաց հայկական պետություն ունենալու համար, կարծում եմ, մենք պետք է առաջնորդվենք պետության համար ռազմավարական խորություն ստեղծելու հրամայականով: Սովորաբար այս թեզը կիրառում են այն պետությունները, որոնք աշխարհագրորեն առավել սփռված են եւ ընդարձակ, առավել հարուստ են բնական պաշարներով կամ ունեն կայսերական անցյալ: Մենք այդ հնարավորությունները չունենք, ուստի ռազմավարական խորություն ասելով՝ ես առաջարկում եմ դիտարկել այն ոչ այնքան պատմական-աշխարհագրական, այլ բովանդակային-կազմակերպական տեսակետից:

Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանին այդ խորությունը ստեղծելու համար:
Առաջինը. վստահ եմ, որ ցանկացած ժողովուրդ ուժեղ է, եթե ամուր են ու կայուն նրա արժեքները: Միլիոնավոր անհատներից բաղկացած հասարակությունը պետք է սոսնձված լինի բարոյական, քաղաքացիական եւ ինքնությունից բխող ընդհանրություններով, որպեսզի միաժամանակ լինի դինամիկ, բայց կայուն, համաշխարհայնացված, բայց ազգային, ժամանակակից, բայց ավանդական: Մեր դեպքում այդ ունիվերսալ արժեքները ստեղծված են մեր ընդհանուր պատմությամբ, մշակույթով, լեզվով, իրենց վրա կրում են նաեւ քրիստոնեական բարոյագիտության անշրջելի ազդեցությունը:

Երկրորդ կարեւոր գործոնը կառավարման համարժեք մոդելն է կամ, այսպես կոչված, օպերացիոն համակարգը: Պետության կայունության եւ հարատեւության համար կենսական անհրաժեշտություն է, որպեսզի իր գործունեությունն ապահովող մեխանիզմները, կանոնները, ընթացակարգերը լինեն համադրելի թե՛ ներքին, թե՛ արտաքին իրողությունների հետ: Այդ մեխանիզմները պետք է արդյունավետ գործեն, ինչպես հանդարտ, այնպես էլ ֆորս-մաժորային իրավիճակներում: Պետք է խարսխված լինեն ներառականության, պատասխանատվության եւ հաշվետվողականության սկզբունքների վրա: Քաղաքագիտական տերմինաբանությամբ ասած՝ մեզ անհրաժեշտ է վազող արդիականացման մոդել, սակայն այդ արդիականացման արդյունքում ձեւավորվող պետական մոդելը պիտի պատկերացնենք հենց այսօրվանից։ Այս համատեքստում մեր վերջին սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական կառավարման ներդրվող մոդելը լավագույնս է ապահովելու մասնակցային ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման, անձի ազատությունների, իրավունքների եւ պատասխանատվության օպտիմալ ամրագրման հենքով Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումը:

Երրորդ. անվտանգային համակարգը, ըստ իս, պետության ռազմավարական խորության երրորդ կարեւոր գործոնն է: Դեռ հին հռոմեացիներն էին ասում՝ «Vae victis», այսինքն՝ «Վայ պարտվածներին»: Մենք պետք է կարողանանք պաշտպանել այն ամենը, ինչ թանկ է մեզ համար: Ժամանակակից պետությունների անվտանգային համակարգերը շատ ավելի բազմաշերտ են եւ բարդ, քան պարզապես զինված ուժերը: «Ազգ-բանակ» գաղափարախոսության ներքո հետեւողականորեն արդիականացնելով մեր ռազմական հնարավորությունները, տարբեր ոլորտներում ստեղծելով երկակի նշանակության եւ գործունեության մեխանիզմներ, առավել օրգանական դարձնելով կապը մեր բանակի եւ հասարակության միջեւ՝ մենք չպետք է մոռանանք անվտանգության այնպիսի բաղադրիչների մասին, ինչպիսիք են ժողովրդագրությունը, տեղեկատվական, հոգեւոր, տնտեսական, էներգետիկ, պարենային անվտանգությունները եւ այլն: Դեռ 2005 թվականին, երբ հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար էր եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ստեղծվեց մասնագիտական աշխատանքային խումբ, որի ջանքերով մշակված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-ը հաստատվեց 2007 թվականին: Կարծում եմ, որ հաշվի առնելով ներքին եւ արտաքին կյանքում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխությունները եւ նոր մարտահրավերները՝ ժամանակն է վերանայել եւ լրամշակել այդ կարեւորագույն հայեցակարգային փաստաթուղթը:

 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

«Առավոտ»

15.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031