Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ ղեկավարը, կարծես, առանձնապես որևէ պատճառ էլ չունի նախընտրական ելույթ ունենալու. «Իրատես»

Դեկտեմբեր 15,2017 12:51

Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և հնչեցված հայտարարությունները միանգամից քննարկումների նոր առիթ ստեղծեցին։

Վերջին ամիսներին նախագահի յուրաքանչյուր բառի տակ շատերը փորձում են ինչ-որ ակնարկներ տեսնել, որոնք հիմնականում կապվում են մեր քաղաքական իրողության գլխավոր ինտրիգի՝ 2018-ից հետո սպասվող վերադասավորումների և վարչապետի թեկնածուի հետ։

Ինֆորմացիայի բացարձակ վակուումի պայմաններում պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի նշված ելույթը շատերը բնորոշում են որպես նախընտրական։ Այլ հարց է, թե որքանով է այստեղ տեղին նախընտրական բնորոշումը։

Դասական առումով նախընտրական ցանկացած իրադարձություն պետք է ունենա էլեկտորալ բնույթ։ Որպես այդպիսին պետք է լինի ընտրություն, որի պայմաններում այս կամ այն քաղաքական գործիչը պետք է փորձի «մշակել» ինչ-որ թիրախային խմբի։ Հայաստանի պարագայում այս պահին նման իրավիճակ, հասկանալի է, գոյություն չունի. միակ համապետական ընտրությունը, ինչպես հայտնի է, ավարտվել է 2017-ի ապրիլին, և ընտրական գործընթացում ընտրողների ձայների գերակշռությամբ, քաղաքական ղեկը ստանձնել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Այս պարագայում ՀՀԿ ղեկավարը, կարծես, առանձնապես որևէ պատճառ էլ չունի նախընտրական ելույթ ունենալու։

Բայց, եթե հարցը դիտարկում ենք այն տեսակետից, թե Սերժ Սարգսյանը նախընտրական ելույթ է ունենում վարչապետի պաշտոնը վերցնելու համար, ապա դարձյալ անհասկանալի է` նախընտրական բնորոշվող ելույթ ու՞մ համար՝ ՀՀԿ վերնախավի՞, այսինքն, կուսակցությունում ինչ-որ պայքա՞ր է ընթանում։ Բնականաբար, այդպես չէ։ Առավել ևս, եթե լսում ենք ՀՀԿ որոշ «կարկառուն» ներկայացուցիչների, ապա ամեն ինչ ուղղակիորեն կախված է միայն Սերժ Սարգսյանի կամքից, որը ՀՀԿ անփոխարինելի առաջնորդն է։

Այնպես որ, որևէ շարժառիթ չկա, որպեսզի Սերժ Սարգսյանը նախընտրական ելույթ ունենա գործընկերների շրջանում։ Բացի այդ, նախընտրական գործընթացներ ծավալվում են այն ժամանակ, երբ իրական պայքար է ընթանում ինչ-որ պաշտոնի համար։ Մինչդեռ փորձագետներից շատերը միշտ էլ նշել են, որ պարզունակ է խոսել նախընտրական պայքարի մասին, երբ կա գործող բավականին ամուր նախագահ, որը բոլոր լծակներն ու հնարավորություններն ունի գրչի մեկ հարվածով իր ընդդիմախոսներին կամ ընդդիմախոսին (լինի վարչապետ, պաշտպանության նախարար, թե բարձրաստիճան այլ ենթակա) չեզոքացնելու համար՝ զրկելով բոլոր լծակներից՝ թե՛ քարոզչական, թե՛ վարչական։

Տվյալ դեպքում բավականին պրիմիտիվ է, երբ կարծում են, թե Սերժ Սարգսյանն իրոք ցանկանում է ապագայում վարչապետ դառնալ, և նրան այդ հարցում խանգարում է մեկ այլ պաշտոնյա, ու նա դա ոչ թե կանխում է միանգամից, այլ, չգիտես ինչու, իր կուսակցության մեջ դիմում է ինչ-ինչ բարդ կոմբինացիաների և քարոզչական հնարքների։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031