Շվեդիայի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում մեկ առվով չեն հոսում, և ընդամենը մեկ ամիս առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Շվեդիա ոչ միայն չկարողացավ դրական տեղաշարժ գրանցել երկկողմ հարաբերություններում, այլ հակառակը՝ ավելի խորացրեց երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները:
Այցից վերադառնալու ճանապարհին ադրբեջանական oxu.az կայքի լրագրողը Դուբայի տրանզիտային գոտում «պատահական» հանդիպում է Էլմար Մամեդյարովին և մի քանի հարց հղում նրան Շվեդիա կատարած այցի արդյունքների վերաբերյալ, որոնց պատասխանելիս նախարարը քննադատում է Շվեդրայի «երկակի» ստանդարտները՝ ցավով արձանագրելով, որ Շվեդիան, իրեն որակելով որպես մարդու իրավունքների առաջամարտիկ՝ փախստականների և մի շարք այլ հարցերում կողմնապահություն է դրսևորում:
Հաշվի առնելով, որ Ադրբեջանում արտգործնախարարի մակարդակի հարցազրույցները պատահական չեն լինում, վստահորեն կարելի է ասել, որ Բաքուն փորձեց երկրորդ կարգի թերթի միջոցով սեփական հանրությանը մեսսիջ ուղարկել այցի արդյունքների վերաբերյալ: Հարցազրույցի անգլերեն տարբերակը ավելի ուշ խմբագրվեց և ավելի մեղմ տոներով ներկայացվեց: Հարկ է նշել, որ շվեդական լրատվամիջոցները ոչ մի մակարդակով առհասարակ չանդրադարձան Մամեյարովի այցին:
Պետական մակարդակով ի զորու չլինելով կարգավորել հարաբերությունները Շվեդիայի հետ և չկարողանալով պոկել պրոադրբեջանական հայտարարություններ՝ Բաքուն դիմում է զանազան այլ զարտուղի ճանապարհների, որոնք սակայն նույնպես բացահայտվում են և անհաջողության մատնվում:
Այսպես, ս.թ. նոյեմբերի 29-ին ադրբեջանական պետական Ազերթաջ գործակալությունը հաղորդագրություն տարածեց Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի՝ օտարերկրյա լրագրողների համար անցկացված մամուլի ասուլիսի վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր, որ Շվեդիայում Ազերթաջի հատուկ թղթակից Ռաուֆ Ալիևը հարց է հղում նախարարին, թե Շվեդիան՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ, ի՞նչ քայլեր է ձեռնարկում հակամարտությունների կարգավորման՝ մասնավորապես ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ: Հարցին ի պատասխան՝ ըստ ադրբեջանական թերթի, նախարար Մարգոտ Վալստրյոմը պատասխանում է, որ հակամարտությունների կարգավորումը բարդ գործընթաց է, և դրա համար իրենք կարծում են, որ հակամարտությունները պետք է լուծվեն փուլային տարբերակով:
Սակայն, ուսումնասիրելով մամուլի ասուլիսի սղագրությունը, պարզ է դառնում, որ իրականում նման հարց ու պատասխան չի եղել, և այդ բոլորը Ադրբեջանի հերթական երևակայության արդյունքն է: Ինչ վերաբերում է նրան, թե իրականում ինչի մասին է խոսել Մարգոտ Վալստրյոմը, ապա Շվեդիայի արտաքին գործերի նախարարը, պատասխանելով այն հարցին, թե հանդիսանալով ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ, ինչ դիրքորոշում ունի Արևելյան Գործընկերության անդամ պետություններում հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացների վերաբերյալ, նշել է, որ «իբրև ԱլԳ հիմնադիր անդամ, մենք Լեհաստանի հետ մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում այդ խնդիրները: Դրանք հնարավոր չէ լուծել սեղմ ժամկետներում: Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն քաղաքական երկխոսության շարունակմանը: Կան նաև սառեցված հակամարտություններ, որոնք նույնպես լուծում են պահանջում»:
Հատկանշական է, որ Ազերթաջի հաղորդագրությունը հրապարակվել էր միայն ադրբեջաներեն լեզվով, առանց որևէ այլ թարգմանության, հավանաբար նպատակ ունենալով խուսափելու շվեդական կողմի պատասխան արձագանքից:
Սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական իշխանությունները, ԶԼՄ-ները փորձում են խեղաթյուրել իրականությունը: Մոտ մեկ տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրություններ տարածեցին Շվեդիայում այսպես կոչված ադրբեջանցիների կոնգրեսի գործունության վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ կոնգրեսի անդամները մասնակցել են «Արևելյան գործընկերության դերը նախկին ԽՍՀՄ երկրներում» քննարկմանը, բարձրացրել «հայկական օկուպացիայի», «Խոջալուի ցեղասպանութան» թեմաները: Լրատվամիջոցների հաղորդմամբ քննարկմանը ներկա էր եղել հարյուրից ավելի դիվանագետներ, քաղաքագետներ լրագրողներ:
(https://news.day.az/politics/839030.html )
(https://minval.az/news/123637564 )
Իբրև ապացույց բերվում էր կոնգրեսի անդամ Էմիլ Միրզոևի՝ ամբիոնի մոտ արված լուսանկարը: Սակայն իրականում նրանք ոչ թե մասնակցել էին քննարկմանը, այլ անկոչ հյուրի նման սպասել, մինչև բոլոր մասնակիցները դուրս կգան դահլիճից և, հարմար պահը որսալով, լուսանկարվել: Սակայն ինչ իմանային ադրբեջանցիները, որ Շվեդական արտաքին հարաբերությունների ինստիտուտը իր բոլոր միջոցառումների տեսագրություններն ամբողջությամբ դնում է իր կայքում՝ ներառյալ նաև այս միջոցառմանը (https://www.ui.se/play), որը դիտելուց հետո էլ բացահայտվեց ադրբեջանական ամբողջ փուչիկը: