Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քո լրատվությամբ մարդկանց պետք է հույս եւ լույս տաս՝ մանավանդ արտակարգ իրավիճակներում»

Դեկտեմբեր 15,2017 12:15

Նիկոլայ Գրիգորյանը նշում է լրագրողական
գործունեության՝ 35, ծննդյան 60-ամյակը

Գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը դպրոցական տարիքում երազում էր գրող դառնալ. գրող չդարձավ, բայց գործի բերումով գրում է: Բանասիրական կրթությամբ գեներալը իր գրող լինելու ցանկությանը հագուրդ տվեց լրագրողական ոլորտում: Անհավատալի է, բայց գեներալը սկսել է թերթ կարդալ դեռ 4 տարեկանում:

«Հարեւաններից ում տանը հյուր էր գալիս, հավաքվում էին եւ ինձ նստեցնում փոքրիկ աթոռակին ու «Սվետական Հայաստան» թերթը տալիս էին ձեռքս, եւ 4 տարեկան Նիկոլայ Գրիգորյանը կարդում էր այդ թերթը, բոլորը զարմացած նայում էին, թե այս փոքր երեխան ոնց է կարողանում այդ մանր տառերով թերթը կարդալ»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է պարոն Գրիգորյանը, որն այսօր նշում է լրագրողական գործունեության 35-ամյակը, ծննդյան` 60-ամյակը: Նիկոլայ Գրիգորյանը հասարակությանը հայտնի դարձավ «02» հաղորդաշարից, որի հիմնադիր-մեկնաբանն էր: Նրա խոսքով՝ կարդալ շատ է սիրել եւ ամենաշատը արկածային գրականություն ու դետեկտիվ է կարդացել:

Որոշել է ընդունվել բանասիրական ու աշխատանքի անցնել հեռուստատեսությունում` «Մարդ եւ օրենք» հաղորդաշարի խմբագրությունում: Այդպես էլ արել է: Համոզված է եղել, որ դետեկտիվի նկատմամբ հետաքրքրությունն իր աշխատանքում կբավարարի:
«Թաղամասը, որտեղ ապրում էի, հանցավոր միջավայր էր, եւ ինձ հետաքրքրում էր հանցագործությունների պատճառահետեւանքային կապերի ուսումնասիրությունը»,- ասում է նա: 1981-ին բուհն ավարտելով՝ Ն. Գրիգորյանը, աշխատանքի անցնելով հեռուստատեսությունում, պատրաստել է «Ճանապարհ, տրանսպորտ, հետիոտն», «Մարտական պոստում», «Իրավաբանի ընդունարան» հաղորդումները:
Արցախյան շարժումը սկսելու տարիներին տեղափոխվել է եւ աշխատանքի անցել «Լրաբեր»-ում: Ռեպորտաժ պատրաստելու նպատակով մեկնել է Գետաշեն, Շահումյան, սահմանամերձ շրջաններ:

Ասում է. «Այն ժամանակ բջջային հեռախոս չկա, ոչ ոք քեզ չէր կարող զանգել ասել` այսինչ տեղը այսինչ բանն է տեղի ունենում, հիմնականում գտնելու վրա էր եւ՝ բախտի»: Ն. Գրիգորյանի բախտը ոչ միայն լրագրողի համար լավ նյութ գտնելու մեջ էր բերում, այլեւ փորձանքներից ողջ մնալով: Պատմում է, թե ինչպես է ողջ մնացել կործանվող ուղղաթիռի վթարից ու կողոսկրերը, երկու ձեռքը վնասված` հարցազրույցներ վերցրել եւ նյութ պատրաստել: Լրատվության գեներալը տարիների փորձից այսօր էլ իր ուսանողներին է սովորեցնում, թե ինչպես պետք է աշխատել արտակարգ իրավիճակներում, որպեսզի խուճապ չստեղծել. «Քո լրատվությամբ մարդկանց պետք է հույս եւ լույս տաս՝ մանավանդ արտակարգ իրավիճակներում, պատերազմական իրավիճակներում: Դու այս երկրի քաղաքացին ես, եւ քո յուրաքանչյուր բառը, դեմքի յուրաքանչյուր արտահայտությունը եւ նաեւ քո զրուցակիցները մեսիջ ունեն փոխանցելու ժողովրդին, եւ այդ մեսիջը երբեք չի կարող լինել հուսալքությունը, պարտությունը, թախիծը»:

Հիշում է, թե ինչպես է ոստիկանությունում աշխատելու հրավեր ստացել եւ հենց այդ տարիներին էլ հիմնադրել ներքին գործերի նախարարության լրատվական կենտրոնը, «02» հաղորդաշարը, «02» շաբաթաթերթը: Նիկոլայ Գրիգորյանը կարճ ժամանակով աշխատանքի է անցել պաշտպանության նախարարությունում. այդ տարիներին էլ ստեղծել է «Զինուժ» ծառայությունը:

Նախարարությունների լրատվական կենտրոններ ու մամլո քարտուղարներ ունենալու գաղափարը նույնպես Նիկոլայ Գրիգորյանինն է. «Դա անհրաժեշտ էր, որպեսզի պետական տեղեկատվական քաղաքականությունն արդյունավետ իրականացվի»: Ինչպես մեզ հետ զրույցում պարոն Գրիգորյանն է ասում, ներկայումս ստեղծման փուլում է միասնական լրատվական կենտրոնը եւ դիմակայունության ռազմավարությունը. «Մեր ժողովուրդը երկու մեծ մարտահրավեր ունի` երկրաշարժ եւ պատերազմ: Սպիտակի երկրաշարժից հետո ես ինձ համար կյանքի նպատակ սահմանեցի` բնակչության, լրատվամիջոցների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներին:

Մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի: Դեկտեմբերի 21-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում մոտ 20 լրագրողի համար կանցկացնենք առաջին պարապմունքը` «Լրատվությունը արտակարգ իրավիճակների ժամանակ» թեմայով: Շատ կարեւոր է, որ մեր բնակչությունն իմանա այդ վտանգների մասին երկրաշարժի, այսինչ զինատեսակի գործածության ժամանակ ինչպես պետք է իրեն պահի, որից ինչպես կարելի է պաշտպանվել, որոնք են ինքնապաշտպանության եւ առաջին բուժօգնության հմտությունները, ինչ ռիսկեր են առաջանում ուրբանիզացիային զուգահեռ եւ այլն: Այսինքն` տեղյակ լինի անվտանգության մշակույթին»:

Պարոն Գրիգորյանը համոզված է` իրազեկված լինել նշանակում է լինել պաշտպանված: Նրա խոսքով՝ Նոյի պատմությունը, որը «Արտակարգ ալիքը» կարողացել է դարձնել իրազեկված մարդու պատմություն, դրա վառ ապացույցն է. «Այսօր Հայաստանը ճանաչում են նաեւ դրանով: Նոյին Աստված ասաց՝ երբ է տեղի ունենալու աղետը, ինչ տարածք է ընդգրկելու, ինչ հետեւանք է ունենալու, ոնց պաշտպանվի, ոնց տարհանման հանձնաժողով ստեղծի, ում ընդգրկի, ինչից սարքի այդ փրկության տապանը եւ այլն: «Արտակարգ ալիքի» պաստառը դարձավ Այվազովսկու նկարը, որում Նոյն է, եւ նշվեց` ով իրազեկված է, նա պաշտպանված է: Այսինքն` իրազեկված եւ փրկված մարդկության պատմությունը սկսվել է Հայաստանից` Արարատյան դաշտից: Այսօր միջազգային կազմակերպությունները իրազեկման խնդիրների հետ կապված օգտագործում են այդ պատմությունը»:

Փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, աշխատանքի անցնելով այդ կառույցում, երազանք է ունեցել ստեղծել հզոր նախարարություն, որն իրականացնելու գլխավոր դերակատարը, ըստ Ն. Գրիգորյանի, նախկին նախարար Արմեն Երիցյանն է եղել:

«Մենք ունեցանք մի նախարարություն, որն իրոք մեր ժողովրդի մատից փուշ էր հանում, մենք ունեցանք մի նախարարություն, որը պետության դեմքը դարձրեց բարի, որը դարձավ ժողովրդին մեկնած ջլապինդ տղամարդու ձեռքը, ու նաեւ դարձավ այն, որ 911 ծառայությունը բոլորի համար է: Սրանք շատ կարեւոր բաներ էին: Այն, որ օգնություն ներմուծող երկրից ԱԻՆ-ի շնորհիվ Հայաստանը դարձավ օգնություն արտահանող երկիր: Մեր նախարարությունը դարձավ համագործակցելի աշխարհի շատ երկրների հետ` ԱՄՆ-ից Ճապոնիա, Բրազիլիայից Կորեա: Արմեն Երիցյանի շնորհիվ էր, որ բոլորը սիրով ու վստահությամբ էին համագործակցում:

Երբ որեւէ հյուր էր լինում երկրում, նրան տանում էին Գառնի-Գեղարդ, Էջմիածին, ԱԻՆ: Հյուրերին հպարտությամբ էին ցույց տալիս, որովհետեւ դա միջազգային մակարդակով մրցունակ եւ ներկայանալի կառույց էր»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

15.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031