Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ «հայկական կոնյակ» բրենդից հրաժարվելու մասին

Դեկտեմբեր 15,2017 15:30

Ըստ Ժոնաթան Լաքոտի՝ Հայաստանը պետք է հարգի այն կանոնները,
որոնք հաստատվել են ԵՄ տարածքում

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը բնական համարեց այն, որ Հայաստանը, ստորագրելով Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիր, պետք է հարգի այն կանոնները, որոնք հաստատվել են ԵՄ տարածքում:

«Առավոտի» հետ զրույցում դեսպանն անդրադարձավ հայկական կոնյակի անունը ներքին եւ արտաքին շուկայում փոխելու պահանջին: Դեսպանին հիշեցրինք, որ նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի մի դրույթ վերաբերում է կոնյակի ու շամպայնի անունները նաեւ ներքին շուկայում փոխելուն, ու Հայաստանին դրա համար տրված է 25 տարի ժամանակ: ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին խնդրի վերաբերյալ կարծիք էր հայտնել՝ հղում կատարելով Ֆրանսիային. «Կոնյակը եւ շամպայնը ֆրանսիական աշխարհագրական տարածքներ են եւ գրանցված ապրանքանիշներ, որոնք պաշտպանվում են Եվրոպայից ներս ու Եվրոպայից դուրս: Երբ Եվրամիությունն ավելի խորը հարաբերությունների մեջ է մտնում առեւտրի ոլորտում, իր գերակայություններից է դարձնում մտավոր սեփականության պաշտպանությունը»:

Ժոնաթան Լաքոտի հետ զրույցում նշեցինք՝ բոլորին է հայտնի, թե հայկական կոնյակն ինչ բրենդ է Հայաստանի համար: Ուստի այդ բրենդից հրաժարվելը խոցելի չի՞ դարձնի Հայաստանին առեւտրային ոլորտում, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանեց. «Հենց համաձայնագիրը լուծում է ու կարգավորում այդ խնդիրները: Համաձայնագիրը ստորագրելուց հետո կողմերը պետք է հարգեն այն կանոնները, որոնք հաստատվել են ԵՄ տարածքում: Փաստաթուղթը նաեւ նախանշում է օգնության հնարավորություններ հայկական ձեռնարկություններին: Այս համաձայնագրով պայմանավորվում են միջանկյալ լուծումներ թե՛ ներքին, թե՛ Եվրամիության շուկայի, թե՛ ԵՏՄ անդամ երկրների շուկաների համար»:

Այնուհետեւ Ֆրանսիայի դեսպանը շեշտեց, թե աշխարհագրական նշումների պաշտպանությունը կարեւոր խնդիր է Ֆրանսիայի եւ, բնականաբար, Եվրամիության համար: Հետո էլ Ժոնաթան Լաքոտը վստահեցրեց, որ համաձայնագրի ստորագրմամբ ՀՀ-ն էլ իր հերթին կունենա հնարավորություն պաշտպանելու իր սեփական՝ ծագման երկրի հետ առնչվող տեղանունների հարցը:

Դեսպանի հետ զրույցում անդրադարձ կատարեցինք նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական մամուլի արձագանքին, ընդհուպ մինչեւ նրան, որ ռուսական որոշ ԶԼՄ-ներ Հայաստանին «ձախ գնացող» կնոջ հետ համեմատեցին: Դեսպանից հետաքրքրվեցինք՝ նրա համար սպասելի՞ էր այս հակազդեցությունը: Ժոնաթան Լաքոտը պատասխանեց. «Դուք ինձնից լավ պիտի գիտակցեք, որ ԶԼՄ-ների կարծիքը երեւի թե միշտ չէ, որ պետք է հաշվի առնել: Կան լրատվամիջոցներ, որոնք մի բան են ասում, կան այնպիսիները, որոնք՝ այլ բան»: Ըստ դեսպանի՝ այս հարցում ամենակարեւորը ռուսական պաշտոնական մարմինների դիրքորոշումն է, թե նրանք ինչպես արտահայտվեցին այս հարցի շուրջ: Դեսպանը եզրափակեց. «Բոլորն այս պարագայում խոսում են, որ Հայաստանը կարող է եւ հանդես է գալիս թե՛ որպես ԵՏՄ անդամ, թե՛ ունի համագործակցության այսպիսի ընդգրկուն համաձայնագիր ԵՄ-ի հետ: Կարծում եմ՝ բոլորը շնորհավորեցին Հայաստանին այս՝ բոլորովին վերջերս ստորագրված համաձայնագրի առիթով»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

15.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031