Այսօր վաշխառուությունը դարձել է շատերի համար բավականին եկամտաբեր բիզնես: Խոսքը անհատ քաղաքացիների՝ տոկոսով գումար տալու մասին է, ընդ որում՝ Կենտրոնական բանկի սահմանած շեմից մի քանի անգամ բարձր տոկոսադրույքով: Բացի այս, վաշխառուությունն ըստ փաստաթղթերի չի երեւում, այդ պայմանագրերն անգամ նոտարով են հաստատվում, սակայն, օրինակ, պայմանագրում չի գրվում՝ իրականում քանի տոկոսով է փոխառությամբ գումար տրվում, կամ էլ պայմանագրում գրում են մի գումար, բայց իրականում ավելի քիչ են տալիս:
Ահավասիկ ՝ Տիգրան Մարտիրոսյանը 2 անգամ դատարանի վճռով վաշխառու է ճանաչվել, սակայն նա մեկ օր էլ չի անցկացրել բանտում, մինչդեռ այս տղամարդու խաբեության զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ: Այս անձի խաբեության հետեւանքով մի քանիսն էլ, դարդին չդիմանալով, մահացել են կամ ինքնասպան եղել: Մոտ 4 տարի առաջ «Առավոտն» անդրադարձել էր Մարտիրոսյանի զոհերից մեկի պատմությանը, թե ինչպես էր վերջինս, օրենք խախտելով, ամսական 5 տոկոս տոկոսադրույքով գումարներ տվել մի քանի քաղաքացիների, որոնցից մեկի՝ Աղասի Վարդանյանի հետ կնքած նոտարով հաստատված պայմանագրում նշել էր 16 հազար դոլար, մինչդեռ տվել է 10 հազար դոլար, բնակարանն էլ որպես գրավ վերցրել: Վարդանյանն ու քույրը բնակարանը հետ ստանալու պայքարի մեջ էին մտել դատական կարգով, սակայն Վարդանյանի քույրն այդ դատական գործընթացներին ու Տիգրանի գործողություններին չդիմանալով՝ սրտի կաթվածից մահացել է:
Հիմա էլ մեր խմբագրություն են դիմում Տիգրան Մարտիրոսյանից տուժած այլ քաղաքացիներ:
Անահիտ Թոխյանը լավ հիշում է օրն ու տարին, թե երբ է ծանոթացել Տիգրան Մարտիրոսյանի հետ՝ 2009 թվականի մարտի 12-ն էր: «Առավոտի» հետ զրույցում տիկին Անահիտը պատմում է, որ իր ընտանիքին անհապաղ 5000 դոլար էր հարկավոր, այդ ընթացքում այս ընտանիքի ծանոթը՝ Անաիդա Դոխոյանը, նրանց ծանոթացրել է Տիգրան Մարտիրոսյանի հետ, ու պայմանավորվել են՝ Տիգրանը տոկոսով գումար կտա Դոխոյանին, որից 5000 դոլարը կտրամադրվի Անահիտ Թոխյանի ընտանիքին:
«Դոխոյանը Տիգրանից 40 հազար դոլար վերցրեց՝ ամսական 5% տոկոսադրույքով, բայց օրենքով ամսական 2% է: Տիգրանը Դոխոյանին տվեց 36 հազար դոլար, 4 հազարը պահեց որպես 2 ամսվա տոկոսավճար: Սրա դիմաց մեր բնակարանը պետք է գրավ դնեինք, Դոխոյանն էլ պարտավորվում էր իրեն հասանելիք տոկոսները վճարել: Երբ գնացինք նոտարի մոտ, մեկ էլ հանկարծ Տիգրանն ասաց, որ ոչ թե գրավի, այլ բնակարանի առուվաճառքի պայմանագիր պետք է կնքենք: Հոգեբանական մի էնպիսի մանիպուլյացիա արեցին մի քանի րոպեում, որ համաձայնեցինք: Պայմանագիրը կնքվեց: Տիգրանը Դոխոյանին գումարը տվեց, իսկ Դոխոյանը մեզ էդպես էլ չտվեց 5000 դոլարը: Մի քանի ամիս Դոխոյանը տոկոսները վճարել է՝ 10 հազար դոլար: Հետո Տիգրան Մարտիրոսյանը մտավ դատարան, ներկայացրեց առուվաճառքի պայմանագիրը, ասեց՝ էդ բնակարանը գնել է, մեր խոսքերն էլ հաշվի չառան դատարանում, ու 2010 թվականին Տիգրանին դատարանը ճանաչեց բնակարանի տեր: 2012-ին էլ մեզ վտարեցին մեր բնակարանից»,- պատմում է Անահիտ Թոխյանը:
Թոխյանի ընտանիքն արդեն անհույս էր, ոչ մի մեթոդ չէր կարողանում գտնել բնակարանը վերադարձնելու, վաշխառուին ջրի երես հանելու, Անաիդա Դոխոյանին էլ պատասխանատվության ենթարկելու համար, մեկ էլ իրավապահ մարմինները հրավիրեցին հարցաքննման՝ որպես տուժող վկա: Քննիչի մոտ պարզվել է, որ 4-5 ընտանիքներ նմանատիպ գործերով եւս տուժած են Տիգրան Մարտիրոսյանից: Ի վերջո, Տիգրան Մարտիրոսյանը կանգնեց դատարանի առաջ, ճանաչվեց վաշխառու, բայց համաներումով ազատվեց պատժից: Եվ քանի որ Մարտիրոսյանը վաշխառու էր ճանաչվել, Թոխյանի ընտանիքը դիմեց դատարան, որպեսզի իրենց բնակարանի առուվաճառքի պայմանագիրը առ ոչինչ ճանաչվի, դատարանը 2015 թվականին Թոխյանի հայցը բավարարել է: Հետո երբ դատարանի վճիռն արդեն օրինական ուժի մեջ էր, Թոխյանը դիմել էր կադաստր, որպեսզի սեփականության վկայականը վերականգնի: Բոլոր օրինական վճարումները կատարելուց հետո Թոխյանը պարզել է, որ իրենց բնակարանի վրա արգելանք կա: Թոխյանը կրկին դիմել է դատարան, որպեսզի արգելանքը վերացնեն:
«2016-ին դիմեցի դատարան, դատավոր Նելլի Բաղդասարյանը դիմումս մերժեց՝ պատճառաբանելով, որ իրավասու չէ: Դիմեցինք Վերաքննիչ դատարան, որտեղ մեր դիմումը բավարարվեց, ու գործն ուղարկվեց նույն դատարան: Այս անգամ այլ դատավոր հստակեցրեց Վերաքննիչի որոշումը, ըստ որի՝ մեր բնակարանի վրայից արգելանքը վաղուց վերացված է»,- պատմում է Թոխյանը:
Արդեն երբ դատարանի որոշում կար, արգելանքը վերացվել էր, Թոխյանի ընտանիքն էլ պատրաստվում էր հրաժեշտ տալ վարձով բնակարանին, որտեղ 5 տարի է՝ ապրում է, Տիգրան Մարտիրոսյանը մեկ այլ տհաճ անակնկալ է մատուցում, պարզվում է՝ Մարտիրոսյանը հեշտ հանձնվողներից չէ: Թոխյանը, իմանալով, որ բնակարանը վերջապես վերադարձվել է իրեն, գնացել է բնակարանի դուռը բացել, հավաստիացել, որ ամեն ինչ կարգին է, ու երբ 2 օրից իրերն է տարել իր բնակարան, պարզել էր, որ կողպեքը փոխված է: Երբ տիկին Անահիտը այդ օրը դիմել է ոստիկանություն՝ վստահ լինելով, որ Տիգրան Մարտիրոսյանն է կողպեքը փոխել, նույն օրը Մարտիրոսյանը քննիչին է ներկայացրել կադաստրից ու դատարանից փաստաթուղթ, որ Թոխյանի բնակարանի նկատմամբ ինքն իրավունքներ ունի:
Տիգրան Մարտիրոսյանն այդ ժամանակահատվածում դիմել էր Աբովյան քաղաքի դատարան, պահանջով՝ սնանկ ճանաչել Անաիդա Դոխոյանին, Թոխյանի բնակարանն էլ իրենով անելու: Ուշագրավ է, որ Մարտիրոսյանը դատարանում չի պահանջել Դոխոյանից իր գումարները բռնագանձել:
«Աբովյանի դատարանն էլ սնանկ է ճանաչում Դոխոյանին, ու գումարը հարմարեցնում են իմ բնակարանի գնին: 26 հազար դոլար էր մնում, որ Անաիդան տար Տիգրանին: Դատավոր Տիգրան Փոլադյանն առանց ինձ լսելու, նիստին մասնակից դարձնելու՝ որոշում է իմ բնակարանը հանձնել Տիգրանին: Մենք նորից բողոքարկեցինք, Վերաքննիչ դատարանը բեկանեց եւ ուղարկեց առաջին ատյան, քանի որ առանց ինձ ու Անաիդա Դոխոյանի ներկայության որոշում է կայացվել: Գործը սկզբից ու մինչեւ հիմա վարում է նույն Փոլադյանը»,- պատմում է տիկին Անահիտը:
Ընդ որում, Աբովյանի դատարանի դատավոր Փոլադյանը հերթական նիստը նշանակել էր նոյեմբերի 14-ին, սակայն տիկին Անահիտը ծանուցումը ստացել է նոյեմբերի 28-ին, նամակի կնիքը նոյեմբերի 28-ով էր, ու հենց այդ նամակով տեղեկացրել են, թե նոյեմբերի 14-ին նիստի են հրավիրում:
Մինչ ծանուցումը ստանալը՝ տիկին Անահիտն ինքնուրույն տեղեկացել էր նոյեմբերի 14-ի նիստի մասին ու ներկայացել դատարան: Տիկին Անահիտը պատմում է. «Նիստին դատավորն ասաց՝ հետաձգում եմ որոշումը, որ էս մարդու գումարը ճարեք, տաք: Հետո, երբ նիստն ավարտվեց, էլ չէր ձայնագրվում, դատավորը մեզ ասաց՝ ձեր փաստաբանին ասեք՝ ինձ հետ կոպիտ չխոսի, որ դուք չտուժեք»:
Անահիտ Թոխյանը վրդովված ասում է. «Այս ինչ ձեւ է աշխատում Հայաստանի արդարադատությունը, թվում է, թե վերին ատյանի որոշումը պիտի գործի, բայց առաջին ատյանում ուրիշ «խաղեր են» տալիս: Մարտիրոսյանը մի անգամ 2013-ին, մի անգամ էլ 2015-ին է այլ անձանց գործերով վաշխառու է ճանաչվել, ամնիստիայով ազատվել է ու էլի շարունակում է խարդախությունը, ընդ որում՝ դատավորն է օգնում նպատակին հասնելու հարցում»:
Աբովանի դատարանում այս գործով հաջորդ նիստը, որի ժամանակ դատավորը վճիռը պետք է հրապարակի, հունվարի 26-ին է: Անահիտ Թոխյանը մտահոգված է, ասում է՝ «Մարտիրոսյանի «ձեռքերը երկար են, ուր ասես՝ հասնում են, վստահ չեմ, որ դատավորն արդար կգործի: Բայց Մարտիրոսյանի վաշխառուության գործով 30-ից ավելի քաղաքացիներ են տուժել, բնակարաններ կորցրել ու ներգրավել դատախազության գործում: Մարտիրոսյանի խաբեությունից տուժած մի տարեց կին, երբ վտարում էին բնակարանից, պատուհանից իրեն գցել է, մեկի հարսն էլ փորձել է ինքնասպան լինել: Այսքանից հետո Մարտիրոսյանը պիտի շարունակի՞ իր խարդախությունը»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
15.12..2017