Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջին ատյանի դատարանից «անհետացած» լազերային կրիչը ուղարկվել է վերաքննիչ դատարան

Դեկտեմբեր 15,2017 14:30

Այս տարվա հունվարի 27-ին Կենտրոնի դատարանի դատավճռով Արփինեն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման: Եվ քանի որ Արփինե Մայսուրյանը կալանքի տակ է գտնվել 41 օր, դատարանը նրան «թողեց» կրելու 4 տարի 10 ամիս 19 օր ժամկետով ազատազրկումը: Այս պահին Արփինեի նկատմամբ կիրառված խափանման միջոցը 2.000.000 գրավն է:

Պահպանվում է նաեւ վիճելի տան՝ Երեւանի Խանջյան փողոցի 31-րդ շենքի հ. 25 բնակարանի վրա դրված կալանքը:

Երեկ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, նախագահող Ռուբիկ Մխիթարյանը բողոքի քննությունը հետաձգեց եւ նշանակեց գալիք տարվա հունվարի 22-ին: Դատարանի կազմն ամբողջական չէր. դատավոր Սերգեյ Չիչոյանը մասնակցում էր Արդարադատության խորհրդի նիստին:

Դատարան չէին ներկայացել նաեւ հանգուցյալ տուժողի դուստրը եւ նրա ներկայացուցիչ- փաստաբանը՝ Ա.Հակոբյանը:

Բողոքաբեր պաշտպանական կողմը պահանջում է արդարացման դատավճիռ:
Յոթ տարի առաջ, ըստ գործի նյութերի, Արփինեն Հ. Քոչարի փողոցում գործող անշարժ գույքի շուկայում ծանոթացել է տուժող ճանաչված, ապա մահացած Զարուհի Պողոսյանի հետ, որը հայտնել է, թե ցանկանում է վաճառել իր՝ Երեւանի Խանջյան փողոցի 31-րդ շենքի հ. 25 բնակարանը:

Արփինեն ցուցմունք է տվել, որ 2010թ. օգոստոսի 26-ին որպես կանխավճար տուժողին տվել է 180.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար եւ ստացել է Զ.Պողոսյանի կողմից գրված ու ստորագրված ստացականը, ապա 28.000 ԱՄՆ դոլար:

Նշյալ գումարը, պաշտպանական կողմի պնդմամբ, ուղարկվել էր Ուկրաինայից. Արփինեի հայրն ու եղբայրն աշխատում էին, բիզնեսով զբաղվում, եւ գումարը ուղարկել են երթուղայինով, ինչն, ի դեպ, առաջին ատյանի դատարանի գնահատմամբ՝ «ողջամիտ եւ իրատեսական չէր»: Դատական գործընթացի ժամանակ մահացել է նաեւ Արփինեի հայրը:
Ըստ մեղադրական կողմի, Արփինեն Զ.Պողոսյանին համոզել է ստորագրել առանց գրառումների երկու թղթի տակ՝ խաբելով, թե Երեւանի Խանջյան փողոցի 31-րդ շենքի մուտքի դուռը պետք է փոխվի, ինչի համար անհրաժեշտ է նաեւ նրա գրավոր համաձայնությունը. «Զ.Պողոսյանը, հավատալով արդեն իսկ իր մոտ վստահություն ձեռք բերած ամբաստանյալին, ստորագրել է նշված թղթերի ներքեւի հատվածներում, որից հետո ամբաստանյալը, իր ձեռքով լրացնելով ստորագրությունների վերեւի հատվածները, պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ հանդիսացող` «Հայտարարություն» եւ «Ստացական» վերնագրերով գրությունները` 2010թ. սեպտեմբերի 11-ին Զ.Պողոսյանի կողմից վերոհիշյալ բնակարանի վաճառքի համար նախատեսված 10.180.000 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ ստանալու բովանդակությամբ»։

Զ.Պողոսյանը եւ նրա հարազատները նախ դիմել են քաղգործով. հայցադիմում են ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խանջյան փողոցի 31-րդ շենքի հ. 25 բնակարանի առքուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու եւ ամբաստանյալին վտարելու պահանջով։ Դատարանը 2012թ. հունիսի 25-ին կայացված վճռով Զ.Պողոսյանի հայցն ամբողջությամբ մերժել է։

Այս գործով կա մեկը՝ Արմենակ Հովհաննիսյանը, որը հանրապետությունից բացակայում է եւ նրա գտնվելու վայրը ներկայումս հայտնի չէ:

Արփինեի գործողությունները մշտապես կապել են այս անձնավորության հետ, անգամ առաջ քաշել նրանց մտերիմ լինելու, միասին գործելու հանգամանքը, Արփինեին քրեական գործի նախաքննության փուլում նրա կամքին հակառակ ենթարկել են բժշկական զննության, որպեսզի ապացուցեն, թե նա կույս չէ, եւ որ երկու տարով փոքր Արմենակը նրա «ամուսինն էր»:

Անցյալ նիստին՝ բողոքի քննության ժամանակ Արփինեի պաշտպան Արթուր Ալիխանյանը հանդես էր եկել միջնորդությամբ՝ առաջին ատյանի դատարանից պահանջելով քաղաքացիական գործով կրիչը: Պաշտպանական կողմը պնդում էր, թե կրիչն անհետացել է գործի նյութերից:

Մինչդեռ, ըստ դատախազ Ա. Մանուկյանի, այն չի հետազոտվել առաջին ատյանի դատարանում: Այդ կրիչում հանրապետությունից բացակայող Արմենակ Հովհաննիսյանի վկայությունն էր:

Կրիչն, ի դեպ, վերաքննիչ դատարանը ստացել է եւ այն կհետազոտվի բողոքի քննության օրը:

«Լեւոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությունում որպես շինարար աշխատած Արմենակը առաջին ատյանի դատարանին հայտնել էր, թե Զարուհի Պողոսյանի հետ ծանոթացել է Կոմիտասի փակ շուկայի մոտ։ Օգնել է Զ.Պողոսյանին, նրա Խանջյան փողոցի բնակարանում որոշակի վերանորոգման աշխատանքներ է կատարել։ Զարուհի Պողոսյանն իրեն հրավիրել է Կենտրոնում գտնվող նոտարական գրասենյակ, որտեղ հանդիպել է Ա. Մայսուրյանին եւ տեղեկացել, որ Զ. Պողոսյանը ցանկանում է Խանջյան փողոցի իր բնակարանը վաճառել Ա. Մայսուրյանին։ Գործարքն ավարտելուց հետո սպասել է միջանցքում, այնուհետեւ Զ. Պողոսյանն իրեն պարտքով տրամադրել է 20.000 ԱՄՆ դոլար գումար։ Նույն նոտարական գրասենյակում Զ. Պողոսյանի հետ կնքել է փոխառության պայմանագիր։ Պայմանավորվել է Զ.Պողոսյանին երկու տարուց հետո վերադարձնել 24.000 ԱՄՆ դոլար գումար եւ չի հրաժարվում իր պարտավորություններից։ Ա. Մայսուրյանին առաջին անգամ տեսել է նոտարական գրասենյակում եւ Արփինեի հետ որեւէ ընդհանուր բան չունի։ Ա. Մայսուրյանի հետ Խանջյան փողոցի բնակարանում չի բնակվել, նրա հետ նշանված չի եղել, չի տեսել, թե նա Զ. Պողոսյանի բնակարանի վաճառքի համար նախատեսված գումարը վերջինիս փոխանցել է, թե` ոչ։ Ներկայումս Ա. Մայսուրյանի եւ Զ. Պողոսյանի հետ գտնվում է լարված հարաբերությունների մեջ, քանի որ իրեն անիմաստ քաշքշոցների մեջ են գցել:

Այս ցուցմունքից հետո կա մի հարց. տարեց տուժողի մոտ որտեղից այդքան գումար, եթե Արփինեն նրան գումար չի տվել:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի

«Առավոտ»

15.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031