Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան. «Ոչ մի սողանցք չպետք է թողնել, այդ սողանցքը ոչ թե տաղանդավոր տղաների համար են թողնում, այլ իրենց լակոտների». «Հրապարակ»

Դեկտեմբեր 15,2017 11:42

Հատված գրականագետ Դավիթ Գասպարյանի հետ հարցազրույցից:

– Վերջին շրջանում ուսանողության բողոքի մեծ ալիք բարձրացավ ընդդեմ տարկետման իրավունքի վերացման, օրենքը, սակայն, ընդունվեց։ Ի վերջո, գիտնական դառնալու համար ծառայության այդ 2 տարին ինչքանո՞վ է խանգարում։

– Մեր նման երկիրն ունի առաջնահերթություններ՝ երկիր, բանակ, ապահովություն, եթե այս ամենն ստեղծեցինք, գիտությունն էլ իր տեղը կընկնի, արվեստն ու մշակույթն էլ։ Եթե այդ ամրությունը չստեղծեցինք, այդ ձեւական սուտ գիտականությունն ու երաժշտականությունը կորած բաներ են։ Ես էլ եմ այդ ճանապարհն անցել, իմ երեխաներն էլ, իմ նախորդներն էլ, անցել ենք ամեն ինչի միջով ու եթե գիտնական ենք՝ գիտության ենք հասել։ Այս հարցը պետք է հստակ լինի։

Այն, որ կան տաղանդավոր տղաներ՝ արվեստի, գիտության թեքումով, դրա մասին խոսք չկա, մեր երկրում բոլորն են տաղանդավոր, բայց երկիրը ո՞վ պետք է պահի՝ մենք։ Իսկ եթե խոսքը գնում է այն ողորմելի արվեստի ու ցածրակարգ գիտության մասին, որ այսօր կա, ու գնալու են մասնակցեն այդ հանդեսներին, ուրեմն պետք չէ։ Մեր գիտությունը, արվեստը, մշակույթը շատ ընկած են։

Այդ ի՞նչ վիճակում է լեզվի հանդեպ մեր վերաբերմունքը եթերում, մամուլում, այդ «ա»-ախոսությունը, չմոյախոսությունը, տգիտախոսությունը, մահախոսությունն ինչպե՞ս ենք թույլ տալիս։ Կարեւոր գործերի առաջին դեմքերը պետք է առաջին մասնագետները լինեն, առաջին գրականագետը պետք է լինի գրականության տերը, առաջին լեզվաբանը՝ լեզվաբանության տերը, իսկ մենք «ճ դիվիզիոնից» 15-րդին բերում դնում ենք առաջին ու ասում ենք՝ ինքն ինչ ասի, ճիշտ է։ Սա է վիճակը, ու դրա համար ոչ մի սողանցք չպետք է թողնել, այդ սողանցքը ոչ թե տաղանդավոր տղաների համար են թողնում, այլ իրենց լակոտների համար, ովքեր չեն ծառայելու։

– Այս տարի շատ խոսվեց նաեւ մշակույթի կապիտալիզացիայի մասին։

-Գիտության, մշակույթի բնագավառում մի հեղաշրջում պետք է մտածեն ու անեն մեր խելոքները։ Առաջին կարեւոր բանը՝ եթե մենք երկիր ենք եւ ուզում ենք ընթերցող ունենալ, պետք է գիրքը հարկումից ազատել։ Սա այն երկիրն է, որ Շիրազի «Հայոց դանթեականը» տպագրվեց 200 հազար օրինակով ու մի շաբաթ չմնաց, Թումանյանի երկերի 10 հատորյակն սկսեցինք 70 հազարով, պահանջ կար 30 հազարով եւս ավելացնել տպաքանակը, բայց վերջին հատորները տպագրվեցին ընդամենը 500 օրինակ, ու գնորդ չկար։

Մենք ահավոր մտավոր անկման մեջ ենք, իմ գրքերը եթե առաջ 3 հազար օրինակից պակաս չէին տպագրվում, «Ողբերգական Չարենցը» 15 հազար տպաքանակով տպագրվեց, հիմա՝ 300, 500 օրինակ, դա էլ սպառում չի գտնում, եւ այստեղ բացասական դեր ունի գրքի գինը, քանի որ տպաքանակները նվազեցին, ինքնարժեքը բարձրացավ, հիմա տալիս ես վաճառքի, գրախանութն իր տոկոսն է դնում, գումարած ավելացված արժեքի հարկը։ Պետությունը պետք է ազատի գիրքը հարկումից։

Ինչ վերաբերում է պետաջակցություն-պետական հովանավորությանը, դրանք լավ բաներ են, պիտի ճիշտ օգտագործվեն եւ հասցեական գնան հասնեն հեղինակին, ոչ թե ինչ-ինչ հրատարակչություններ յուրացնեն այդ գումարն ու կեղծարարություններ անեն՝ գրքի տպաքանակը գրելով 400 օրինակ, բայց տպեն 40 օրինակ։ Մի հարցրեք՝ որ հրատարակչությունն է՝ չեմ ասի։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031