Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վիճակի ենք արդյունավետորեն զսպել Ադրբեջանին. Մասիս Մայիլյան

Դեկտեմբեր 15,2017 11:01

«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ

– Պարոն Մայիլյան, թույլ տվեք նախ շնորհավորել Ձեզ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Արցախի Նախագահի հրամանագիրը Ձեր նշանակման վերաբերյալ միանգամայն դրական արձագանք գտավ, այդ թվում՝ լրագրողական ու փորձագիտական հանրության շրջանում։ Երկու ամիսն, իհարկե, շատ քիչ ժամանակ է գործունեություն գնահատելու համար, այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ առաջնահերթություններ եք արդեն նախանշել, ի՞նչ ծրագրեր եք մշակում մոտ ապագայի համար եւ երկարաժամկետ կտրվածքով, ի՞նչ է արվել, ի՞նչն է բավարար եւ ի՞նչ անելիքներ եք տեսնում:

– Շնորհակալ եմ` շնորհավորանքների համար։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ողջունել են իմ նշանակումը։ Հնարավոր ամեն ինչ կանեմ Նախագահ Բակո Սահակյանի վստահությունն ու մեր քաղաքացիների ակնկալիքներն արդարացնելու համար։

Արցախի արտաքին քաղաքական խնդիրները որոշվում են պետության ղեկավարի կողմից։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն կոչված է իրականացնելու դրանք։ Հոկտեմբերի կեսերին հրապարակված Արցախի Նախագահի 2017-2020 թթ. ծրագրում նշված են Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները։

ԱԳՆ-ն այսուհետ եւս ջանքեր կգործադրի Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ ՝ վերջին տարիների դրական միտումների շարունակման եւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակների ընդլայնման նպատակով։

Արցախի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկն է շարունակում մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։ Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի հիման վրա։ Բանակցային գործընթացում առաջընթացի ձեռքբերման կարեւորագույն գրավականը, մեր կարծիքով, բանակցությունների եռակողմ ձեւաչափի վերականգնումն է՝ բոլոր փուլերին ԼՂՀ ուղղակի եւ լիարժեք մասնակցությամբ։

Մեր ուշադրության կենտրոնում է նաեւ հայկական սփյուռքի հետ կապերի զարգացումը։ Ընդ որում, համոզված ենք, որ փոխգործակցությունը չպետք է միակողմանի լինի։ Արցախն իր կողմից պատրաստ է ուժերի ներածի չափ իր ներդրումն ունենալ տարբեր երկրների հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանման գործում։

Գերակա ուղղություններից է նաեւ Արցախի արտաքին տնտեսական կապերի ակտիվացումը։ Նշված խնդիրը պահանջում է համակարգային մոտեցում եւ այլ նախարարությունների ու գերատեսչությունների հետ ԱԳՆ համագործակցություն։ Մասնավորապես, Արցախի ոլորտային կառույցների կողմից մշակված բիզնես նախագծերը, այդ թվում նաեւ ԱԳՆ հնարավորությունների միջոցով, կներկայացվեն արտերկրում՝ դեպի Արցախ օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով։

Վերոնշյալ խնդիրների արդյունավետ իրականացումը կախված է նաեւ հաջողված տեղեկատվական քաղաքականությունից։ Անշուշտ, արցախյան իրողությունների մասին միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն հրամցնելու գործում առանցքային դեր է խաղում նաեւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Այդ պատճառով մենք հետայսու եւս կշարունակենք ակտիվ գործունեություն ծավալել այդ ուղղությամբ՝ ինչպես արդեն իսկ առկա ռեսուրսներով, այնպես էլ նոր ռեսուրսների ներգրավմամբ։

– Հակամարտության կարգավորումը վերջին շաբաթներին ակտիվ փուլում էր: Կարգավորման գործընթացը, Ձեր կարծիքով, ներկայումս ո՞ր փուլում է գտնվում, միջնորդները ո՞ր ուղղությամբ են աշխատում:

– Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ապրիլյան ագրեսիայից հետո առաջնահերթ խնդիր է հակամարտության գոտում, առաջին հերթին՝ շփման գծում, կայունության ու կանխատեսելիության ապահովումը։ Այս կապակցությամբ ջանքերն, առաջին հերթին, պետք է ուղղված լինեն միջադեպերի հետաքննության մեխանիզմի կիրառման եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման եւ դիտարկման հնարավորությունների բարձրացման վերաբերյալ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։ Նշված պայմանավորվածությունների իրագործումը, կիրառական նշանակության հետ մեկտեղ, վստահություն կհաղորդի առ այն, որ հետագա համաձայնությունները եւս թղթի վրա չեն մնա։ Ավելին, դա ոչ միայն բանակցություններ վարելու համար կառուցողական մթնոլորտ կստեղծի, այլեւ կցուցադրի ադրբեջանական ղեկավարության անկեղծ շահագրգռվածությունը հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանը հասնելու գործում։ Ցավոք, առայժմ մենք դա չենք տեսնում։

– Արցախը կարեւորում է անվտանգության հաստատումը, ժողովրդավարության ամրապնդումը. Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական կողմերի աշխատանքը բավարա՞ր եք համարում, ի՞նչ աշխատանքներ եք տեսնում այս ուղղությամբ:

-Արցախի անցած ուղին վառ ապացույցն է այն բանի, որ չպետք է սահմանափակել իր ճակատագիրն ու սեփական ապագան ինքնուրույն որոշելու ժողովրդի ձգտումը, քանի որ վերջինս հիմնվում է նրա ազատության եւ ինքնորոշման անքակտելի իրավունքի վրա։ 1991թ. Արցախի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ քվեարկել է հանուն անկախության եւ հաստատել իր կամքը 2006 եւ 2016 թվականների սահմանադրական հանրաքվեներում։ Արցախի ժողովրդի՝ իր պետականությունը կերտելու եւ ամրապնդելու վճռականությունը եւ այդ ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները թույլ են տվել որոշակի դրական տեղաշարժի հասնել ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում։

Արցախի միջազգային ճանաչումը, քաղաքական, ռազմական, տնտեսական ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը կնպաստեն հանրապետության անվտանգության ուժեղացմանը, մեր քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովմանը։

Ինչպես արդեն նշեցի, կշարունակվի աշխատանքը Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Միաժամանակ, վստահ եմ՝ անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել զսպելու Ադրբեջանին եւ դիմագրավելու Արցախը մեկուսացնելուն ուղղված պաշտոնական Բաքվի քաղաքականությանը։

– Անցյալ տարի ապրիլյան պատերազմը նոր իրավիճակ ստեղծեց: Ակնհայտ է, որ հիմա էլ Ադրբեջանը խուսափում է բանակցություններում կառուցողական դիրքորոշումից պաշտոնական Բաքուն մեկ տարուց ավելի համաձայնություն չի տալիս հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Ինչպե՞ս եք, ի վերջո, տեսնում միջնորդների այս պահանջի իրագործումը՝ Բաքվի խուսափողական դիրքորոշման ֆոնին, եւ առհասարակ, հայկական կողմերը ո՞ր ուղղությամբ պետք է շարժվեն, որպեսզի խաղաղություն պարտադրեն Ադրբեջանին:

– Բանակցային գործընթացի ողջ ընթացքում Ադրբեջանը նպատակաուղղված եւ համակարգված կերպով հրաժարվում էր խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովմանն ուղղված առաջարկներից։ Նշեմ, որ շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունն առաջին անգամ ձեռք է բերվել 2011թ.՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպմանը։ Հաջորդ տարիներին Ադրբեջանը հետեւողականորեն հրաժարվել է դիպուկահարների հետքաշման եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմը խախտող կողմին բացահայտելու համար տվիչների տեղադրման վերաբերյալ առաջարկներից։

Արցախի իշխանությունները հանդես են գալիս տարածաշրջանում կայունության պահպանման օգտին, այդ իսկ պատճառով միակողմանիորեն տեսահսկման ու վերահսկողության ժամանակակից համակարգ են ստեղծել, ինչը թույլ է տալիս շահագրգիռ կողմերին առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ անաչառ պատկեր ստանալ։ Այս համակարգը կարող է հիմք դառնալ հրադադարի ռեժիմի վերահսկման եւ սահմանային միջադեպերի հետաքննության ապագա միջազգային մեխանիզմի համար։

Արցախում շարունակական կերպով պետականության ամրապնդումը, բանակի մարտունակության բարձրացումը, տնտեսությունը, քաղաքացիական հասարակությունն ու ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը առավել արդյունավետ կդարձնեն Ադրբեջանի ռազմատենչ հավակնությունների զսպման ռազմական ու քաղաքական-դիվանագիտական միջոցները։ Ինչպես ցույց է տվել ապրիլյան պատերազմը, մենք ի վիճակի ենք արդյունավետորեն զսպել ադրբեջանական ագրեսիան եւ պարտադրել նրան վերադառնալ հրադադարի պահպանմանը։

– Պարոն Մայիլյան, ամիսներ առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ ԵՄ-ն պատրաստ է վերականգնման համար աջակցություն տրամադրել այս հակամարտության կարգավորումից հետո՝ «հետեւաբար, երբ հակամարտությունը լուծվի եւ երբ խաղաղություն լինի Լեռնային Ղարաբաղում, Եվրամիությունը պատրաստ կլինի զգալի գումարներով աջակցել տեղի բնակիչներին»: Հայաստանն ու ԵՄ-ն նոյեմբերի 24-ին ստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար՝ այդ համաձայնագրի կիրառման համատեքստում:

– Հայաստանի ու ԵՄ միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հիմք է հանդիսանում կողմերի միջեւ առավել լայն շփումների համար, բարձրացնում է Հայաստանի դերը՝ որպես տարածաշրջանային խաղացող, եւ ուժեղացնում նրա դիրքերը։ Մենք, իհարկե, աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը նպաստում է Հայաստանի Հանրապետության հզորության բազմապատկմանը։

Ինչ վերաբերում է Արցախի եւ ԵՄ միջեւ հարաբերություններին, մինչ օրս Եվրամիության ներգրավվածությունն Արցախում սահմանափակ էր՝ արտահայտվելով բացառապես հանրային դիվանագիտությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցությամբ։ Մենք բազմիցս նշել ենք, որ հասունացել է ԵՄ եւ Արցախի միջեւ փոխգործակցության հաստատման եւ, առաջին հերթին, մեր հանրապետությունում ընթացող ժողովրդավարական գործընթացներին ու վերափոխումներին ԵՄ աջակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, այդպիսի բնագավառների թվում են քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ անկախ ԶԼՄ-ների զարգացումը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունն ու դատական համակարգի կատարելագործման օժանդակումը։ Փոխգործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն կարող է դառնալ աջակցությունը տեղական ինքնակառավարման բնագավառում բարեփոխումներին։

Վերջերս մենք Բրյուսելում հայտարարել ենք, որ Արցախը պատրաստ է եւ բաց նման համագործակցության համար՝ անկախ հակամարտության համապարփակ կարգավորումից, ուստի եւ սպասում ենք ԵՄ կողմից ընդառաջ քայլերի։

«Առավոտ», 14.12.2017

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031